Ռուսաստանը չի եղել ԵՄ-ի հետ հարաբերությունների վատթարացման նախաձեռնողը, սակայն պատրաստ է աշխատել դրանք վերականգնելու ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բելգիայի ԱԳ նախարար Դիդյե Ռեյնդերսի հետ բանակցությունների ավարտին։

«Մենք չենք եղել այդ կապերը սառեցնողը, սակայն պատրաստ ենք դրանք վերականգնել հենց որ մեր եվրոպացի գործընկերները պատրաստ կլինեն դրան։ Պատժամիջոցներ կիրառելուց հետո Բրյուսելը խզել է բոլոր կապերը, որոնք հաստատվել էին տարիներ շարունակ եւ որոնք օգնում էին պարբերաբար վստահելի երկխոսություն կառուցել եւ ժամանակին լուծել ծագող խնդիրները»,- փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նախարարը նշել է, որ Բրյուսելը հրաժարվում է գագաթնաժողովենրից։ «Բրյուսելը արդեն մի քանի տարի, Ուկրաինայի դեպքերից դեռ շատ առաջ, հրաժարվել էր մեզ հետ Գործընկերության մշտական խորհուրդ վարելուց։ Բրյուսելը սառեցրել էր նաեւ  բոլոր մյուս երկխոսությունները»,- ասել է Լավրովը։

Ռուս արտգործնախարարի խոսքով՝ այդ կապակցությամբ հունվարին Մոսկվայում գտնվող Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալ Մարոշ Շեֆչովիչը գոնե էներգետիկ ոլորտում ՌԴ-ի հետ երկխոսությունը վերականգնելու գաղափար էր առաջ քաշել։

«Մենք համաձայնվեցինք, սակայն հայտարարությունից այն  կողմ գործն առաջ չգնաց։ Ուստի մեզնից չէ կախված հարաբերությունների նորմալացումը եւ պատժամիջոցների հետեւանքով առաջացած այս փակուղուց դուրս գալը»,- նշել է Լավրովը։