Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը այսօր՝ ապրիլի 9-ին, ժամը 15.00-ին, կհանդիպի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները (ֆոտոռեպորտաժ):
Մեր տեղեկություններով՝ հանդիպման նախաձեռնությունը հենց Քիմ Քարդաշյանինն է:
Նշենք, որ այսօր առավոտյան Քիմ Քարդաշյանը քրոջ՝ Քլոեի հետ, դուրս է եկել Երեւանում զբոսնելու, նա այցելել է Մայր Հայաստան հուշարձան, լուսանկարվել երկրպագուների հետ, ապա շրջել Կասկադ համալիրում եւ ճաշել տարածքի ռեստորաններից մեկում: Այսօր, մեր տեղեկություններով, Քիմ Քարդաշյանը մեկնելու է քաղաքից դուրս:
Հիշեցնենք, որ ամերիկահայ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Հայաստան է ժամանել ապրիլի 8-ին՝ ամուսնու, դստեր եւ քույրերից մեկի հետ։ Նրանք իջեւանել են Երեւանի «Մարիոթ» հյուրանոցում, որտեղ նախապես երկու հարկաբաժնի համարներ էին ամրագրել ընտանիքի եւ Քիմ Քարդաշյանի հսկայական անձնակազմի համար, որը նախապատրաստական աշխատանքների նպատակով Հայաստան էր ժամանել դեռ 2 օր առաջ։ Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, Քիմ Քարդաշյանը Հայաստան է այցելել Ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակում՝ իր արմատներին ծանոթանալու նպատակով։ Այցի ընթացքում Քարդաշյանները նախատեսում են նկարահանել մի քանի սերիա իրենց ընտանեկան ռեալիթի շոուի համար։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























