Քիմ Քարդաշյանի շնորհիվ այսօր ամբողջ աշխարհի ուշադրությունը Հայաստանում է, նա աշխարհահռչակ տիկին է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

«Աշխարհահռչակ տիկին է, և կարծում եմ՝ մենք պիտի արժանապատիվ ընդունելութուն ցուցաբերենք: Մենք հպարտ պիտի լինենք», - նշել է Սահակյանը՝ հավելելով. «Մենք սիրում ենք ամենալավ բանը բամբասել, ամենավատ բանը քարկոծել, հետո լավացնել»:

Դիտարկմանը, թե Քարդաշյանն այս մի քանի ժամերի ընթացքում ավելի շատ գործ արեց՝ կապված Հայոց ցեղասպանության ու Հայաստանի ճանաչվածության հետ, քան իշխանությունները, Գալուստ Սահակյանն արձագանքել է. «Նրանք, ովքեր մեծ համբավ ունեն աշխարհում, օրինակ՝ Շառլ Ազնավուրը և կարելի է թվարկել, նրանք, բնականաբար, մեր ազգի զավակներն են և իրենց գործունեությամբ, իրենց ճանաչելիությամբ նպաստում են մեր ժողովրդի հետագա բարեփոխումների ճակատագրի վրա»: