Հայաստանը իրավունք չունի հրաժարվել Հայոց ցեղասպանության պահանջից հանուն պրագմատիզմի։ Այս մասին ապրիլի 9-ին խորհրդարանում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Ցանկացած ցեղասպանություն, որտեղ էլ որ լինի եւ ով էլ այն կատարի, պետք է դատապարտվի։ Հայաստանը՝ որպես Ցեղասպանություն վերապրած ժողովրդավարական երկիր, պարտավոր է դիմել միջազգային հանրությանը՝ լինեն դրանք հեռավոր պետություններ, թե միջազգային կազմակերպություններ, կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

 «100-ամյակով Հայաստանում պայքարը չի ավարտվի։ Կսկսվի նոր փուլ։ Արդեն 4 երկիր՝ Սլովակիան, Շվեյցարիան, Հունաստանն ու Կիպրոսը Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք են ընդունել։ Այս ամենը չէր լինի, եթե Հայաստանը Ցեղասպանության ճանաչումը իր արտաքին քաղաքականության մասը չդարձներ», ասել է Շարմազանովը։

Նրա խոսքով՝ Հայաստանը երբեք դեմ չի եղել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը եւ երբեք դրա համար նախապայմաններ առաջ չի քաշել, թեեւ բարոյական իրավունք ունեցել է։

«Եվ ի՞նչ մենք ստացանք։ Մենք ստացանք ժխտման նոր փուլ, ագրեսիվ հայտարարությունների նոր շարք եւ այսպես կոչված Գալիպոլիի հանդիսություններ։ Այդ պատճառով Ցեղասպանության ճանաչման կոչերը պետք է ընդունել միաձայն»,- ասել է Շարմազանովը։