Հայաստանի ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը, շարունակելով իր աշխատանքային այցը Տավուշի մարզ, այցելում է մարզի սահմանամերձ գյուղեր: Նախարարն արդեն եղել է Չինարի, Մովսես, Վ.Կ.Աղբյուր գյուղերում:

Հանդիպելով սահմանամերձ համայնքների բնակչության, ղեկավար անձնակազմի եւ նշված համայնքների պաշպտանությունն ապահովող զորամասերի անձնակազմի հետ՝ նախարար Երիցյանը տեղում անձամբ ծանոթացավ համայնքի քաղաքացիական պաշտպանության հարցերին: Շեշտելով բնակչության պաշտպանության հարցում հայոց բանակի առաջնային դերը՝ նախարարը նշեց, որ ՏԿԱԻ նախարարության անձնակազմը նույնպես պատրաստ է եւ միջոցներ չի խնայելու բնակչության պաշտպանության ոլորտում ներդրում ունենալու հարցում:

Սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ նոր աշխատատեղերի ստեղծման, առողջապահության եւ աղբահանության հետ կապված հարցեր: Վ.Կ. Աղբյուր գյուղի բնակիչները նախարարի հետ քննարկեցին խաղողի այրված այգիների հարցը: Արմեն Երիցյանը Տավուշի մարզպետարանի աշխատակիցներին կարգադրեց ուսումնասիրել բարձրաձայնված բոլոր խնդիրները եւ հնարավոր լուծումների մասին զեկուցել անձամբ իրեն: