Ապրիլի 10-ին ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն Արմավիրի մարզում խորհրդակցություն անցկացրեց Հայաստանի 10 մարզերի ղեկավարների հետ, խորհրդակցությանը մասնակցում էր նաեւ ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին աշնանացան ցորենի, դիզ. վառելիքի եւ ազոտական պարարտանյութի բաշխման հարցերը, ինչպես նաեւ՝ եկամուտների հավաքագրման գործընթացը:

Իշխան Զաքարյանը ՏԿԱԻ նախարարին եւ մարզպետներին ներկայացրեց սույն թվականի օգոստոսին Հայաստանում կայանալիք Համահայկական հերթական 6-րդ ամառային խաղերի կազմակերպմանն առնչվող հիմնախնդիրները: Ներկա դրությամբ՝ Համահայկական հերթական 6-րդ խաղերին մասնակցելու հայտ են ներկայացրել աշխարհի 3200 մարզիկներ: Քննարկելով կազմակերպչական աշխատանքների գործընթացը եւ տալով համապատասխան հանձնարարականներ՝ նախարար Երիցյանը շեշտեց, որ Համահայկական խաղերի կազմակերպման հարցում համատեղ աշխատանքի փորձ արդեն կա եւ այս անգամ նույնպես միջոցառումն իրականացվելու է բարձր մակարդակով:

Մասնավորապես քննարկվել է գյուղացիներին սուբսիդավորված դիզվառելիքի տրամադրման հարցը: Նախարար Երիցյանը հատուկ շեշտեց, որ կառավարության նպատակն է այսօր օգնել գյուղացուն եւ այդ նպատակին միտված միջոցառումները լինելու են ՀՀ վարչապետի եւ իր վերահսկողության ներքո:  ՏԿԱԻ նախարարին զեկուցեցին նաեւ, որ համայնքներում փաստաթղթաշրջանառությունը բարվոք վիճակում չէ: Արմեն Երիցյանը հանձնարարեց նախարարության աշխատակիցներին գործուղվել համապատասխան համայնքներ եւ տեղում օժանդակել խնդրի լուծմանը: «Նախարարությունը պետք է ամեն ինչ անի համայնքներին օժանդակելու եւ մարզերի բնակիչների կյանքը թեթեւացնեկու համար», - շեշտեց ՏԿԱԻ նախարարը:

«Մարզպետները պետք է տեղում աշխատեն գյուղացիների հետ: Պետք է լուծվեն գյուղմթերքի մթերման, մինի-գործարանների ստեղծման հարցերը: Պետք է ամեն ինչ անենք, որ գյուղացին լավ ապրի», - ընդգծեց Արմեն Երիցյանը:

Քննարկվեցին նաեւ մարզերում գործող վթարային դպրոցների վերակառուցման խնդիրները: ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը զեկուցեց, որ այս ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում:

Ամփոփելով խորհդակցությունը ՏԿԱԻ նախարարը նշեց, որ այսուհետ նման համամարզային խորհրդակցությունները լինելու են ամենամսյա եւ անցկացվելու են մարզերում: Հաջորդ խորհրդակցությունը կայանալու է մայիս ամսվա վերջին Տավուշի մարզում: