«100-ամյակն՝ առանց ռեժիմի» շարժման մասնակիցներին արդեն տեղափոխել են կալանավայրեր:

Հիմնադիր Խորհրդարանի քարտուղարությունից տեղեկացանք, որ Ժիրայր Սեֆիլյանին, Վարուժան Ավետիսյանին եւ Պավել Մանուկյանին տեղափոխել են «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, իսկ Գարեգին Չուգասզյանին եւ Գեւորգ Սաֆարյանին՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Նշենք, որ ապրիլի 9-ին նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի  35-225-րդ հոդվածի 1-ին մասով, նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել  կալանավորումը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «100-ամյակն առաց ռեժիմի» շարժումն ապրիլի 7-ին հայտարարել է, որ առավոտյան ժամը 06:35-ի սահմաններում «Հիմնադիր խորհրդարանի» շենք են ներկայացել իրավապահ մարմինների շուրջ երկու տասնյակ աշխատակիցներ եւ խուզարկություն իրականացրել: Խուզարկություններ են անցկացվել նաեւ ՀԽ անդամների տներում, որից հետո բերման են ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Հայկական վերածնունդի Լիբանանյան ներկայացուցիչ Թորոս Սեֆիլյանը (Ժիրայր Սեֆիլյանի եղբայր), Հովհաննես Ղազարյանը, Արամ Հակոբյանը, Գեւորգ Սաֆարյանը։

Ավելի ուշ Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Գեւորգ Սաֆարյանը, Պավել Մանուկյանը եւ Գարեգին Չուգասզյանը ձերբակալվել են։

Իր հերթին հաղորդագրություն է տարածել ՀՀ Քննչական կոմիտեն, որում ասվում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության եւ ՀՀ քննչական կոմիետի համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում կանխվել է 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների կազմակերպումը: