Երեւան քաղաքի Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասում ապրիլի 11-ին Գերմանիայում գործող «Հայ Ակադեմիականների Միություն»-ը կազմակերպել է ծառատունկ: Իր 155-ամյա հոբելյանի կապակցությամբ եւ ի նշան հայ-գերմանական բարեկամության` միությունը 155 տունկերով նոր այգի է ձեւավորվել: Հայ-գերմանական բարեկամության ծառատունկն իրականացվել է Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության եւ Ավան վարչական շրջանի ղեկավարության աջակցությամբ:

Միջոցառումը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ կազմակերպվող քայլերից մեկն է: Մեկ շաբաթ անց` ապրիլի 18-ին, Գերմանիայի Բոխում քաղաքում կկազմակերպվի հայ-գերմանական բարեկամության երկրորդ ծառատունկը: Թուրքական հսկա եւ ուժեղ համայնք ունեցող Գերմանիայի Բոխում քաղաքում եւս Հայաստանի Հանրապետությունից տարված 155 ծառերով նոր այգի կձեւավորվի` որպես Հայոց ցեղասպանության փաստի հիշեցման ու Հայոց հարցի բարձրաձայնման հերթական քայլ:

Երկու այգիների հիմնումը ընթանալու է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ պրոֆ. դր. Նորբերտ Լամերտի բարձր հովանու տակ: Ծրագրին աջակցում է ՀՀ Սփյուռքի նախարարության Եվրոպայի բաժինը: 

Հայապահպան իր գործունեությամբ հայտնի եւ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում հսկա ներդրում ունեցող «Հայ Ակադեմիականների Միության» նախագահ Ազատ Օրդուխանյանի տեղեկացմամբ` Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում ապրիլի 18-ից Գերմանիայի Բոխում քաղաքում կմեկնարկի  նաեւ «Հայկական գարուն» ծրագրերի շարքը:

Գերմանիայում Հայոց ցեղասպանության փաստին առավել լայն հնչեղություն ու նոր մակարդակ հաղորդելուն խոչընդոտող գործոնները շատ են: «Թուրքական համայնքն ուժեղ է: Բայց ես կարծում եմ, որ Գերմանիայի հայոց համայնքում մեր ներքին տարաձայնությունները մեր աշխատանքներին ավելի շատ են խանգարում, քան թուրքական համայնքի գործունեությունը: Խոչընդոտները հնարավոր կլիներ ավելի հեշտ հաղթահարել, եթե հայ համայնքն ավելի միասնական ու համախմբված գործեր»,-նկատում է Օրդուխանյանը:

Արդյոք Հայաստանի իշխանությունները պատշաճ, ճիշտ ու ճիշտ ուղղորդված քաղաքականություն են վարում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ: «Ոչ: Դեռ շատ ու շատ բան կա անելու: Օրինակ` այս գործընթացում Թուրքիայի բնիկ ժողովուրդների միավորման հարց կա` Արեւմտյան Հայաստանի մեր դրացի ազգերին` ասորիներ, Պոնտոսի հույներ, դերսիմցիներ, քոչքիրիներ, ալեւիացած արաբներ, եզդիներ: Նրանք մեր բարեկամ, դրացի, մեր բնական դաշնակիցներն են: Մենք այդ դաշտը լրիվ բաց ենք թողել: Բաց ենք թողել Արեւմտյան Հայաստանում ապրող 3-4 մլն իսլամացած հայերի հետ աշխատելու հնարավորությունը` նրանց ազգային ինքնությունը ճանաչելի դարձնելու ուղղությամբ»-մանրամասնում է «Հայ Ակադեմիականների Միության» նախագահը: