Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկա է եղել Հնաբնակ երեւանցիների ասոցիացիայի «Աշնանային ձայներ» երգչախմբի հոբելյանական համերգին, որը նվիրված էր ասոցիացիայի հիմնադրման 25-ամյակին եւ երգչախմբի 10-ամյակին։

Համերգին ներկա են եղել նաեւ Երեւանի քաղաքապետի խորհրդական Գրիգոր Սարիբեկյանը, Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցներ, ասոցիացիայի անդամներ, արվեստասերներ։

Երգչախմբի գեղարվեստական ղեկավար Կառլեն Բաբայանը, ներկայացնելով ասոցիացիայի եւ երգչախմբի գործունեությունը, շնորհակալություն է հայտնել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին եւ քաղաքապետի տեղակալ Արամ Սուաքիասյանին՝ բարյացակամ եւ հոգատար աջակցության համար։

Արամ Սուքիասյանը Երեւանի քաղաքապետի անունից շնորհավորել է ասոցիացիայի անդամներին եւ պատրաստակամություն հայտնել այսուհետ եւս աջակցելու նրանց գործունեությանը։

«Շնորհակալ եմ, որ հանձինս ձեզ՝ մենք իսկապես ապշելի երգացանկով երգչախումբ ունենք։ Դուք եւս երեւանյան հմայք եք հանդիսանում»,- նշել է քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։

Երգչախումբը հոբելյանական համերգն սկսել է, ինչպես արդեն համույթի համար ավանդույթ է դարձել, Մակար Եկմալյանի «Տերունական աղոթք»-ով։