Հայերը կտեսնեն, թե որ երկրներն ապրիլի 24-ին նախընտրել համամարդկային արժեքները, եւ որոնք՝ սեփական շահերը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 11-ին, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ իտալական խոշորագույն Rai հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում՝ պատասխանելով ԱՊՀ հարցերով հայտնի մեկնաբար Մարկ Իննարոյի հարցին:

Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Թուրքիայի նախագահ Ռաջեփ Թայիփ Էրդողանի որոշումը՝ Պալիպոլիի ճակատամարտի հաղթանակը նշել հենց ապրիլի 24-ին, Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ Անկարայի հաշվարկը շատ պարզ է. «Նրանց նպատակն է շեղել միջազգային հանրության ուշադրությունը: Այդկերպ Թուրքիան արդեն որերորդ անգամ ցուցադրում է իր ժխտման քաղաքականությունը: Ամեն անգամ նրանք տարբեր միջոցներ են օգտագործում պատմական փաստերը ժխտելու համար: Այս անգամ իրենց հաշվարկը շատ պարզ է: Եթե ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան ներկայացված լինեն Թուրքիայում ավելի բարձր մակարդակով, քան Հայաստանում, թուրքերը կարող են ասել. «Տեսեք, նրանք չեն ճանաչում Ցեղասպանությունը»,-հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով, այդ իրավիճակում հայերը կհասկանան, թե ով է նախընտրում համամարդակային արժեքները, եւ ով՝ սեփական շահերը: