ՌԴ Խակասիայի հանրապետությունում հրդեհի հետեւանքով մահացել է 10, տուժել 483 մարդ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով ՌԴ Առողջապահության նախարարության տարածաշրջանային ներկայացուցիչ Աննա Բորոդինան:
Ավելի վաղ հանրապետության կառավարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ նախնական տվյալներով, առնվազն 10 մարդ է մահացել հրդեհի պատճառով:
«Վերջին տվյալներով, 483 մարդ տուժել է: Հիվանդանոց է տեղափոխվել 77 մարդ: Մահացածների թիվը 10 է, բայց տեղեկատվությունը դեռ ճշտվում է»,-ասել է գործակալության զրուցակիցը: Նա նշել է, որ ներկայումս 8 մարդ գտնվում է ծանր վիճակում: Ավելի վաղ հաղորդվել էր 11 ծանր վիրավորի մասին:
Կիրակի՝ ապրիլի 12-ին Խակասիանում ուժեղ էքամու պատճառով կտրուկ աճել է հրդեհավտանգ իրավիճակը: Տեղի ժամանակով 13.00-ին Խակասիայի հանրապետության ղեկավարի որոշմամբ հանրապետությունում մտցվել է արտակարգ դրություն: Ավելի վաղ նշվել էր, որ հրդեհների հետեւանքով մահացել է 5, տուժել՝ 120 մարդ, վնասվել է 900 շինություն:



























