Թուրքիայի գիտատեխնիկական հետազոտությունների խորհրդի (TUBITAK) նախկին ղեկավար Յուջել Ալթունբաշաքը երեքշաբթի քաղաքական լրտեսության գործով ձերբակալվել է: Այս մասին տեղեկացնում է Anadolu գործակալությունը:

Մարտի վերջին թուրքական իշխանությունները ձերբակալել էին նաեւ Հասան Պալազին, որը 2012-2014 թվականներին զբաղեցրել է TUBITAK-ի ղեկավարի տեղակաի պաշտոնը: Նրան մեղադրում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝վարչապետ եղած ժամանակ նրա կաբինետի հեռախոսազրույցների ապօրինի գաղտնալսման, քաղաքական լրտեսության կազմակերպման եւ անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքի խախտման մեջ:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ավելի վաղ Թուրքիայում տասնյակ մարդկանց են ձերբակալել «խորքային պետության» գործով. Թուրքիայում այսպես են կոչում երկրի իշխանական կառույցներում աշխատող «Հիզմեթ» շարժման անդամներին, որոնց, իբր, ոգեշնչում եւ ֆինանսավորում է ԱՄՆ-ում բնակվող ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը:

Էրդողանի կարծիքով, Գյուլենը ձգտում է տապալել թուրքական կառավարությունը: Նա ընդդիմադիր քարոզչի կողմնակիցների գործողություններով է բացատրում 2013 թվականի ցույցերը, թուրքական ղեկավարության հեռախոսազրույցների գաղտնալսումը եւ 2013 թվականի դեկտեմբերին հակակոռուպցիոն արշավը: