Հայաստանում ծրագրերի կրճատումը կապ չունի տարածաշրջանում քաղաքական որեւէ փոփոխության հետ: Դա կապված է բյուջեի կրճատման համատեքստում տիրող ընդհանուր իրավիճակի հետ: Այս մասին ապրիլի 14-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը:
Անդրադառնալով Հայաստանի եւ Թուրքիայի, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաշտեցման ծրագրերի կրճատմանը, դեսպանն ընդգծեց, որ այդ հաշտեցումը շարունակում է ԱՄՆ-ի համար առաջնահերթություն մնալ:
«Շարունակվելու են մշակութային, կրթական ոլորտներում իրականացվող ծրագրերը՝ նպատակ ունենալով զարգացնել միջմշակութային կապերը, որոնք, վերջապես, կհանգեցնեն հարաբերությունների բարելավմանը: Մենք շարունակելու ենք ուշադրություն դարձնել այդ ուղղություններին, պարզապես կրճատվելու է իրականացվող ծրագրերի թիվը»,- հավելեց Ռիչարդ Միլզը:
Պատասխանելով հարցին, կարելի՞ է, արդյոք, ասել, որ ԱՄՆ-ն կամ USAID-ն հիասթափված են Հայաստանում իրականացվող ծրագրերի արդյունքներից, Հայաստանի USAID-ի գրասենյակի ղեկավար Քարեն Հիլարդն ասաց. «Ամենեւին ոչ: Հայաստանում USAID-ի ծրագրերը կարելի է որպես օրինակ ներկայացնել: Մենք գոհ ենք մեր ծրագրերի արդյունքներից, եւ ես ցանկանում եմ ասել, որ մեծագույն հպարտություն եմ զգում այստեղ գտնվելու ընթացքում իմ թիմի ձեռքբերումների համար»:



























