ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իռլանդիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Բիգարը:
Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ որպես փորձառու դիվանագետ՝ Ջոն Բիգարն իր դիվանագիտական առաքելության իրականացման ընթացքում որակական նոր փուլ կտեղափոխի հայ-իռլանդական հարաբերությունները:
Նշելով, որ Հայաստանի եւ Իռլանդիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններն ունեն գրեթե 20-ամյա պատմություն, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ չնայած աշխարհագրական հեռավորությանը, երկու երկրները քաղաքակրթական, մշակութային շատ ընդհանրություններ ունեն` նույնակունք քրիստոնեական արժեհամակարգ, պատմության դժվարին էջեր, աշխարհասփյուռ համայնքների գոյություն, ինչն ավելի է նպաստում համագործակցության խորացմանը:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ քաղաքական ակտիվ երկխոսությունը կխթանի նաեւ Հայաստանի եւ Իռլանդիայի միջեւ առեւտրատնտեսական ոլորտում փոխգործակցության զարգացումը:
ՀՀ Նախագահը եւ Իռլանդիայի դեսպանը կարեւորել են հեռանկարային մի շարք ոլորտներում՝ հումանիտար, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, դեղագործության եւ այլն, սերտ համագործակցությունն ու փորձի փոխանակումը: Կարեւորվել է նաեւ երկու երկրների միջեւ տարբեր միջազգային կազմակերպությունների շրջանակներում միմյանց աջակցությունն ու արդյունավետ համագործակցության զարգացումը:
Հանդիպմանը Հանրապետության Նախագահը դեսպան Ջոն Բիգարին ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ 2015 թվականի հիշատակի միջոցառումներն ու դրանց խորհուրդը:
Դեսպան Բիգարը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի համար եւ վստահեցրել, որ դիվանագիտական առաքելության իրականացման ընթացքում կանի ամեն հնարավորը ամրապնդելու Հայաստանի եւ Իռլանդիայի միջեւ կապերը, որի համար, ըստ նրա, կան անհրաժեշտ բոլոր նախադրյալները:




























