2013 թվականի հուլիսի 7-ին՝ ժամը 04-ի սահմաններում, անհայտ անձն ապօրինի կերպով պահած չպարզված պայթուցիկ նյութի միջոցով դիտավորությամբ վնասել է քաղաքացի Գրիշա Մ.-ի կողմից շահագործվող ավտոմեքենան` վերջինիս պատճառելով խոշոր չափի գույքային վնաս:

ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի եւ 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Բացի այդ, 2013 թվականի նոյեմբերի 24-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում, անհայտ անձն իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից կրակելիս դիտավորությամբ վնասել է նաեւ քաղաքացի Գրիշա Մ.-ին պատկանող մյուս ավտոմեքենան` պատճառով գույքային վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության հիշյալ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Հիշյալ քրեական գործերով վարույթները կասեցվել են` գործով որպես մեղադրյալ ներգրավվող անձի անհայտ լինելու պատճառով:

Քրեական գործերով կասեցված վարույթները վերսկսվել են եւ ՀՀ գլխավոր դատախազի կողմից գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով, քրեական գործերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Կատարվում է նախաքննություն: