Եթե ընդդիմադիր ուժերն ուզում են տապալել գործող իշխանությունը, պետք է նախ ստվերային կառավարություն ձեւավորեն եւ ապացուցեն հասարակությանը, որ այն մրցունակ է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:
«Սկզբում պետք է տեսնել՝ աշխատո՞ւմ է արդյոք գործող կառավարությունը, իսկ հետո ցույց տալ նոր թիմը, ընդ որում ոչ թե պաշտոնների ձգտող, այլ աշխատել կարողացող»,-ընդգծել է Մանասերյանը:
Նրա խոսքով՝ մեկ տարի առաջ ձեւավորված կառավարությունում շատ փորձառու կառավարիչներ կան, բայց նոր գաղափարների հեղինակները քիչ են: «Եթե խոսենք կոնկրետ վարչապետի անձի մասին, մեկ տարում նա հրաշք գործեց երկրի համար: Քննադատել կարելի է եւ պետք է, բայց սկզբում պետք է տեսնել՝ արդյոք նոր իշխանությունը ցանկանում եւ ուզո՞ւմ է ինչ-որ արդյունք տալ»,-ամփոփել է տնտեսագետը:





























