Ադրբեջանը փորձում է շանտաժի ենթարկել Եվրամիությանը ղարաբաղյան հակամարտության հարցում։
Ինչպես գրում է ԱՊԱ-ն, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Ռիգայում հանդիպել է իր լատվիացի գործընկեր Էդգար Ռինկեւիչի հետ։ Ի թիվ այլ հարցերի՝ Մամեդյարովը հայտարարել է, որ Եվրամիության հետ հարաբերությունները պետք է փոխշահավետ բնույթ կրեն։ Խոսելով ղարաբաղյան հակամարտությունից՝ Մամեդյարովը ընդգծել է, որ Եվրամիությունը պետք է վճռական դիրքորոշում ցուցաբերի այդ եւ այլ նմանատիպ հակամարտությունների հարցում։ Եվրոպային էներգակիրներ մատակարարելու դիվերսիֆիկացման գործում Ադրբեջանի հնարավոր մասնակցության ֆոնին այս հայտարարությունը սովորական շանտաժի փորձ է հիշեցնում։
Ռինկեւիչը իր հերթին նշել է, որ Լատվիան պաշտպանում է ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ուղիներով եւ տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության միջազգային սկզբունքների հիման վրա կարգավորելուն ուղղված ջանքերը։ Նա նշել է, որ երկրների միջեւ կա տնտեսական եւ առեւտրային հարաբերությունների զարգացման մեծ հնարավորություններ եւ ընդգծել, որ Ադրբեջանը շահագրգռված է Լատվիայի տնտեսության մեջ ներդրումներ կատարելու հարցում։



























