Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին:

Զրուցակիցները քննարկել են էներգետիկայի ոլորտում հայ-ռուսական համագործակցության ներկայիս մակարդակին եւ զարգացման հեռանկարին վերաբերող հարցեր:

Ընդգծելով, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմավարական դաշնակցային գործընկերությունը բոլոր ոլորտներում դինամիկ զարգանում եւ ամրապնդվում է, Հանրապետության Նախագահը երկկողմ հարաբերություններում մեծապես կարեւորել է տնտեսական բաղադրիչը, որտեղ զգալի դեր ունի գազաէներգետիկ ոլորտը: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանի տնտեսության առաջատար ընկերություններից մեկի՝ «Գազպրոմ Արմենիա»-ի միջոցով մեր երկրում «Գազպրոմ» ընկերության կողմից իրականացվող գործունեությունը, որն ուղղակիորեն անդրադառնում է նաեւ տնտեսության այլ ճյուղերի զարգացման վրա: Նկատի առնելով ընկերության աշխատանքը, նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ տնտեսական կապերի զարգացման ու ամրապնդման, հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար նախագահ Սերժ Սարգսյանը «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին պարգեւատրել է Բարեկամության շքանշանով:

Ալեքսեյ Միլլերը շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին՝ բարձր պարգեւի եւ իր ղեկավարած ընկերության գործունեությունը նման գնահատականի արժանացնելու, ինչպես նաեւ «Գազպրոմը»՝ երեխաներին» ծրագրի շրջանակներում Երեւանում կառուցվելիք ուսումնամարզական համալիրի հիմնարկեքին այսօր ներկա գտնվելու համար: Նա վստահեցրել է, որ «Գազպրոմ» ընկերությունն այսուհետ եւս պատրաստ է մեծ պատասխանատվությամբ եւ նախատեսված ժամկետներում Հայաստանում իրականացնել ընկերության առջեւ դրված բոլոր խնդիրները՝ այդպիսով նպաստելով նաեւ հայ-ռուսական միջպետական հարաբերությունների առավել ամրապնդմանը:

Հանդիպման ժամանակ Ալեքսեյ Միլլերը Հանրապետության նախագահին ներկայացրել է մեր երկրում իր ղեկավարած ընկերության ընթացիկ գործունեությունն ու առաջիկա ծրագրերը, որոնցում, ըստ նրա, կարեւոր տեղ են զբաղեցնում նաեւ սոցիալական ծրագրերը: