Խերսոնի մարզի Ալեշկի քաղաքի խաղաղ բնակիչների տարհանման առաքելությունը նախապատրաստել են Ռուսաստանի և Ուկրաինայի հետախուզական ծառայությունները, սակայն այն ներկայացվել է որպես միջնորդության արդյունք։ Այս մասին ֆրանսիական Le Monde թերթին հայտնել են աղբյուրները։

Թերթի զրուցակիցների խոսքով՝ Մոսկվան երկար ժամանակ հրաժարվում էր դեպի Ալեշկի մարդասիրական միջանցք բացել, սակայն 2026 թվականի ամռանը վերջապես համաձայնել է բանակցություններ սկսել երկու երկրների ռազմական հետախուզական կառույցների՝ Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչության և ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության միջև։ Ինչպես նշում է Le Monde-ն, այդ կառույցներն արդեն իսկ պարբերաբար կապ են պահպանում ռազմագերիների և զոհվածների մարմինների փոխանակման հարցերով։

Չորս ամիս տևած բանակցություններից հետո խաղաղ բնակիչների տարհանման գործողությունը կազմակերպել են մարդու իրավունքների հանձնակատարները՝ Ռուսաստանի կողմից Յանա Լանտրատովան, Ուկրաինայի կողմից՝ Դմիտրի Լուբինեցը։ Առաքելությունն իրականացվել է Սպիտակ տան հովանու ներքո և ներկայացվել որպես ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի միջնորդության արդյունք։

Սակայն Մելանյա Թրամփի դերի մասին պնդմանը պետք է վերաբերվել «զգուշությամբ», ասել է Ուկրաինայում թերթի աղբյուրը, քանի որ, նրա խոսքով, «հայտնի չէ, թե կոնկրետ ինչ դեր է խաղացել Վաշինգտոնը»։

Նույնիսկ եթե Մելանյա Թրամփը, ինչպես ՄԱԿ-ը կամ Հռոմի պապ Լևոն XIV-ը, մտահոգություն է հայտնել Ալեշկիի բնակիչների ճակատագրի կապակցությամբ, չի կարելի բացառել, որ Կիևն ու Մոսկվան, միմյանց հետ պայմանավորվածության գալով, ցանկացել են հաճոյանալ Դոնալդ Թրամփին, որը միշտ եռանդորեն ձգտում է գլխավոր դերակատար երևալ։

«Հասկանալով, որ ինքը չի ստանալու Խաղաղության Նոբելյան մրցանակը՝ Թրամփը, հնարավոր է, որոշել է փորձել այն ապահովել Մելանյայի համար»,— ասել է Կիևում թերթի աղբյուրը։

Խերսոնի մարզի Ալեշկի քաղաքը (ուկրաինական անվանումը՝ Օլեշկի) 2022 թվականից գտնվում էր ռուսական օկուպացիայի տակ։ Վերջին ամիսներին այնտեղ մարդասիրական աղետ էր սկսվել։ Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են հրադադարի ռեժիմի և խաղաղ բնակիչների տարհանման շուրջ՝ այդ պայմանավորվածությունը ներկայացնելով որպես Մելանյա Թրամփի միջնորդության արդյունք։ Մարդասիրական առաքելության ընթացքում Ալեշկիի բնակիչների մի մասին, իրենց ցանկությամբ, տեղափոխել են Ուկրաինա, մյուս մասին՝ Ռուսաստան։ Ընդհանուր առմամբ քաղաքից տարհանել են մոտ 700 մարդու։