Երբ օգտագործվում է հանրային ճնշում բառը, մի քիչ ժպիտ է առաջացնում, որովհետև վերջին տարիները բացառապես ռեպրեսիվ ճանապարհով ճնշումների մասին են, քաղաքական հետապնդումների մասին են, և մեր հայրենակիցները երևի թե հետևություններ կանեն, թե ինչ մեթոդներ են իրացվել և ո՞րն է դրա իրական նպատակը եղել։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 2–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ, «Ուժեղ Հայաստան» խմբակցությունից Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի, եթե ընդդիմությունը չհամաձայնի նոր Սահմանադրության քանրաքվե անելուն, իրենք հանրային ճնշումների կդիմեն։
«Դրանք ամեն կերպ ճնշում գործադրելու նպատակն է ունեցել, նույն այդ կալանքները կամ ռեպրեսիվ այլ գործիքակազմի իրացումը, այլ հարց, որ դրանք իրենց արդյունքը չեն տվել։ Ես կարծում եմ՝ ՀՀ քաղաքացիները երբևէ չեն ունեցել որևէ ակնկալիք Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի նկատմամբ ոտնձգության մասով։
Այս ամենը կարելի է փաթաթավորել տարբեր բառերով, գեղեցիկ ձևակերպումներով, բայց վերջնարդյունքը նա է, որ մենք խոսում ենք Անկախության հռչակագրի նկատմամբ ոտնձգության մասին, իսկ Սահմանադրության մեջ անկախության հռչակագրին հղումները երբեք կոնֆլիկտածին չեն լինում։ Առավել ևս, երբ լինում է նաև Սահմանադրական դատարանի որոշում, որը բոլոր հնարավոր հարցերը բացառած է լինում։
Սահմանադրության հետ կապված հարցադրումները ամբողջ նախընտրական քարոզարշավի ընթացքում ներկայացվել են և իշխանությունները ստացել են մեր հայրենակիցներից մերժում։ Հիմա էլ ի՞նչն ենք նորից փորձում հարցնել»,–ասաց նա։
Անդրադառնալով իշխանությունների պնդմանը, որ այնպիսի առաջարկ են ներկայացնելու, որ ընդիմությունը չի կարողանալու հրաժարվել, Արամ Վարդևանյանը նկատեց, որ դա մեջբերում է «Կնքահայրը» ֆիլմից. «Եթե մենք պատկերացնում ենք, որ պետք է «Կնքահայրը» ֆիլմը դառնա Հայաստանում քաղաքական խոսույթի հղման աղբյուր, միգուցե պետք է ձիու կտրած գլուխ լինի մեր աշխատասենյակներում, որովհետև ֆիլմի սցենարը դրա մասին է հուշում։ Մենք ցանկացած նման սցենարին էլ պատրաստ ենք»։
Հարցին՝ ժողովրդի ճնշումը կարո՞ղ է իրավիճակ փոխել, ԱԺ փոխխոսնակը պատասխանեց. «Օրինակ, արդարադատության նախարարը նաև պատկերացնում է, որ ինքը և կառավարության այլ անդամներ պետք է առաջնորդեն ժողովրդին ընդդեմ ընդդիմությա՞ն։ Եթե չեմ սխալվում նման վարքագիծ իշխանական ուժի կողմից եղել է 1930-ականների ավարտին՝ Գերմանիայում։ Այլ դետալները երևի թե չներկայացնեմ, որովհետև ատելության խոսքի քարոզ կլինի»։





























