Ֆրանսիական ծայրահեղ աջ Ազգային ճակատ կուսակցության հիմնադիր Ժան Մարի Լը Պենը սրտի հետ կապված բողոքների պատճառով հոսպիտալացվել է: 86-ամյա գործիչը France-Presse-ի հետ հեռախոսազրույցում նշել է, որ խոսքն ընդամենը «աննշան սրտաբանական խնդրի մասին է»:
«Ամեն ինչ լավ է: Պառկած եմ անկողնում: Դա հնարավորություն է տալիս փոքր-ինչ հանգստանալ: Սրտի հետ կապված փոքրիկ խնդիր է, ոչ շատ լուրջ»,- տեղեկացրել է Լը Պենը:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ավելի վաղ ֆրանսիական լրատվամիջոցներն Ազգային ճակատի աղբյուրներից հակասական տեղեկություններ էին հրապարակել կուսակցության պատվավոր նախագահի առողջական վիճակի մասին: Մի մասը նշել էր քաղաքական գործչի «ամենամսյա բուժզննման» մասին, մյուսներն էլ նշել էին, իբր, վիրահատական միջամտության մասին:
Ժան Մարի Լը Պենի հոսպիտակացման պատճառների եւ ախտորոշման մասին պաշտոնական տեղեկություններ չկան:



























