Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր թռչնաբուծական 5 ֆաբրիկաների տուգանեց 500 հազարական դրամով (մոտ 1.3 մլն դոլար)։ Տուգանքի պատճառ է դարձել այն հանգամանքը, որ այդ ընկերությունների արտադրանքը վաճառվում է առանց տուփերի վրա տեսակավորման թվաքանակը, իսկ հավկիթների վրա՝ պիտանելիության ժամկետը նշելու։ Հանձնաժողովն այդ հանգամանքը որակեց որպես հասարակությանը մոլորեցնելու եւ անբարեխիղճ մրցակցության գործողություն։ Տուգանված ընկերություններն են՝ «Զանգափ», «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա», «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա», «Արզնու տոհմային ԹՏԽ» եւ «Արաքս թռչնաբուծական ֆաբրիկա»։ Փաստորեն խոշոր թռչնաբուծարաններից միայն Աշտարակի ֆաբրիկան է զերծ մնացել տուգանքից։

Հանձնաժողովի նիստին ներկա թռչնաբուծարանների ներկայացուցիչներից բավական համարձակ ելույթ ունեցավ Լուսակերտի տոհմային ֆաբրիկայի կոմերցիոն բաժնի պետ Վահագն Գեւորգյանը։ Նա ասաց, որ վաճառակետերը համատարած հրաժարվում են մակնշված հավկիթներ ընդունելուց, որպեսզի դրանց վաճառքի հարցում խնդիրներ չունենան։ Բացի այդ՝ շուկայում գործում են մեծ ու փոքր արտադրողներ, որոնցից ոչ մեկը, հատկապես փոքրերը, մակնշում չեն կատարում։ Ըստ Գեւորգյանի՝ կամ պետք է մակնշեն բոլորը, կամ ոչ մեկը, այլապես մրցակցային անհավասարություններ կստեղծվեն։ Փաստորեն՝ թռչնաֆաբրիկաները հավկիթների վրա միտումնավոր չեն նշում պիտանելիության ժամկետը, որպեսզի իրացման խնդիր չունենան։ Ինքը՝ Գեւորգյանը խոստովանում է, որ հավկիթի տեսքից սպառողը չի կարող գլխի ընկնել՝ հին է՞ այն, թե՞ պիտանի, սակայն պնդեց, որ շուկան է թելադրում իրենց մարքեթինգային քաղաքականությունը։ Իսկ նիստին ներկա Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանի կարծիքով՝ ընդհակառակը, այն ընկերությունները, որոնք կիրականացնեն մակնշում, սպառողների կողմից կգնահատվեն եւ շուկայում ավելի լավ իրացում կունենան։