Թուրքական դատարանը հրապարակել է Կարսի «Բարեկամության» հուշարձանը հրեշավոր անվանելու համար Թուրքիայի նախկին վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին դատապարտելու վերաբերյալ պարզաբանումը։

Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ թուրքական դատարանի պարզաբանման մեջ նշվել է, թե Էրդողանի կողմից հուշարձանի նկատմամբ վիրավորական արտահայտությունը չի կարող ընդունվել որպես անձնական կարծիք։

Նշվել է նաեւ, որ Թուրքիայի Սահմանադրության 64-րդ կետով պետությունը պարտավորվում է պահպանել արվեստի գործունեությունը, արվեստագետին եւ միջոցներ ձեռնարկել արվեստի նկատմամբ սեր տարածելու համար։

Նշենք, որ թուրքական դատարանը բավարարել է Կարսում գտնվող Բարեկամության հուշարձանի հեղինակ, հայտնի թուրք քանդակագործ Ահմեդ Աքսոյի հայցն ընդդեմ Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ՝ պարտադրելով, որ Էրդողանը 10 հազար թուրքական լիրա բարոյական փոխհատուցում վճարի քանդակագործին։

NEWS.am-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ  2011-ի հունվարին Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կարս կատարած այցի ժամանակ «հրեշավոր» էր անվանել հայ-թուրքական բարեկամության նվիրված հուշարձանը եւ հրահանգել քանդել այն։