Թեպետ դե յուրե՝ ոչ, սակայն դե ֆակտոյից մի քիչ էլ ավել Հայաստանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Հուլիսի 28-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը՝ հավելելով, որ այդ մասին են վկայում Հայաստանի՝ ԼՂՀ-ի հետ ունեցած դիվանագիտական հարաբերությունները եւ միջպետական պայմանագրերը։
Նրա խոսքով, Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչումն, անշուշտ, կհեշտացնի աշխարհի մյուս երկրների կողմից ճանաչումը։ «Սա չի նշանակում, որ Հայաստանը դա պետք է անի հենց այսօր, սակայն չի նշանակում նաեւ, որ այս ուղղությամբ Հայաստանը քայլեր չպետք է անի»,- ընդգծեց Մանոյանը։
ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրենը նշեց նաեւ, որ եթե ղարաբաղյան բանակցությունները փակուղի մտնեն, ապա Հայաստանի առաջին իսկ քայլը պետք է լինի ԼՂՀ ճանաչումը, իսկ եթե գործը հասնի ադրբեջանական ագրեսիային, ապա՝ պետք է բարձրացվի նաեւ միացման հարցը։




























