«Նաիրիտ»  գործարանի վերագործարկման հնարավորւթյունները հաշվարկող՝ Համաշխարհային բանկի աուդիտի պատասխանը ստացվել է: Այս մասին այսօր` ապրիլի 17-ին, Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպումից հետո  հայտնեց «Նաիրիտ» գործարանի մամուլի նախկին խոսնակ Անուշ Հարությունյանը:

«Հովիկ Աբրահամյանը մեզ ասաց, որ աուդիտի պատասխանը եկել է, սակայն այն այս անգամ  շատ հաստ է և դեռ չեն հասցրել թարգմանել հայերեն: Սակայան, եզրակացության մեջ գրված է, որ 250-350 միլիոն դոլար ներդրում է պահանջվում գործարանը վերագործարկելու համար և ներկա տեխնոլոգիաներով «Նաիրիտը»  վերագործարկելն անհնար է։ Ավելի ճշգրիտ պատասխան տալու համար, վարչապետը  մեզ առաջարկեց սպասել, մինչև այն թարգմանեն ու տեղեկացնեն մեզ պատասխանի մասին»,-նշեց նա:

Անուշ Հարությունյանը նաև հայտարարեց, որ «Նաիրիտի» աշխատակիցները դիմել են ԱԺ բոլոր խմբակցություններին, որպեսզի օգնեն իրենց  դիմել կառավարությանը իրենց խնդրին լուծում տալու համար: Նա ԶԼՄ-երին հորդորեց, որպեսզի «Նաիրիտի» հարցը չքաղաքականացնեն.

««Նաիրիտի» հարցը չի կարելի շահարկել քաղաքական իմաստով, միշտ խուսափել ենք դրանից և հենց այդ պատճառով էլ երկար ժամանակ չենք դիմել քաղաքական ուժերին։ Սակայն վերջերս դիմեցինք, և բոլորն էլ խոստացան՝ օգնել մեզ։ Այժմ Լևոն Զուրաբյանը նամակ է գրել վարչապետին,  որտեղ արտահայտված են  մեր բոլոր խնդիրներն ու բողոքները։ Մենք ուզում ենք ստորագրել այդ նամակի տակ և ուղարկել դատախազություն», - ասաց Հարությունյանը:

Կառավարության մամւոլի ծառայության հաղորդմամբ՝ «Նաիրիտ»-ի աշխատակիցների առաջարկությամբ քննարկվել է նաեւ գործարանում եղած գույքի մի մասի վաճառքի պարագայում գոյանալիք միջոցների հաշվին աշխատավարձը վճարելու տարբերակը: Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը տեղեկացրել է, որ այժմ բանակցություն է վարվում այդ ուղղությամբ:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ այսօր նաիրիտցիների հետ հանդիպմանը վարչապետ Հովիկ Աբրահամյանը նաիրիտցիներին խոստացել է ապրիլի 27-ին վճարել մեկ ամսվա աշխատավարձը եւ պարտքի մարման ժամանակացույց էր ներկայացրել, ըստ որի, աշխատանքից ազատված նաիրիտցիները 2 ամիսը մեկ աշխատավարձ կստանան մինչեւ պարտքն ամբողջությամբ կմարվի։