Լոռու մարզում ապրիլի 17-ին ժամկետային զինծառայողներին տեղափոխող N զորամասին պատկանող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարից զոհված Արտյոմ Թորոսյանին հուղարկավորել են զինվորական կարգով: Այս մասին NEWS.am-ին ասաց Սյունիքի մարզի Սառնակունք համայնքի ղեկավար Մանուչար Մկրտչյանը:

Նա հայտնեց, որ զինծառայողի հուղարկավորությունը տեղի է ունեցել երեկ՝ ապրիլի 19-ին, Սառնակունքի գերեզմանատանը:

«Հուղարկավորությանը ներկա էին կորպուսի հրամանատարը, զորամասի հրամանատարը, զինծառայողներ»,- ասաց գյուղապետը:

Նշենք, որ Արտյոմ Թորոսյանը տան ավագ որդին էր, բանակ էր զորակոչվել 2013թ. դեկտեմբերին:

Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ 2015թ. ապրիլի 17-ին ժամկետային զինծառայողներին տեղափոխող N զորամասին պատկանող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Երեւան ավտոճանապարհի 19-րդ կիլոմետրին դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ շրջվել հարակից ձորակը: Ավտոմեքենայի թափքում գտնվող զինծառայողները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակ քաղաքի հիվանդանոց: Այնուհետեւ 3 վիրավոր զինծառայող տեղափոխվել են Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Դեպքի մանրամասները ճշտվում են:

Վթարի հետեւանքով ստացած վնասվածքներից մահացել է ժամկետային զինծառայող  Արտյոմ Գերասի Թորոսյանը (ծնված 1995թ., Սիսիանի զ/կ, 2013թ. 2-րդ զորակոչ):

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: