Կանադայի մի քանի հազար հայեր ապրիլի 19-ին ակցիա են կազմակերպել Տորոնտոյում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Ակցիային մասնակցել են հայ համայնքի ներկայացուցիչներ, Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, հայտնի կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը, հաղորդում է «Toronto Star»-ը:

Քվինս Պարկում ակցիայի մասնակիցներին աջակցելու էին եկել Կանադայի պաշտպանության նախարար Ջեյսոն Քեննին, Օնտարիո նահանգի ղեկավար  Քեթլին Վինը եւ Տորոնտոյի քաղաքապետ Ջոն Թորին:

«Հայոց ցեղասպանությունը մութ էջ է մարդկության պատմության մեջ, իսկ անցած 100 տարին չեն նվազեցրել այդ սարսափելի իրադարձությունների կշիռը: Չի նվազել նաեւ Ցեղասպանության ճանաչման կարեւորությունը»,-հայտարարել է Քեթլին Վինը:

Միջոցառմանը մասնակցել են նաեւ այն համայնքների ներկայացուցիչները, որոնք վերջին 100 տարիների ընթացքում զանգվածային գազանությունների են ենթարկվել, հաղորդում է ctvnews.ca-ն:

Տեղի թուրքերի ոչ մեծ մի խումբ այգուց քիչ հեռու հակաակցիա են անցկացրել՝ բարձրացնելով Թուրքիայի դրոշներ: