Սոչիի դատարանը ՀՀ քաղաքացի Աշոտ Առաքելյանին տուգանել է 20 հազար ռուբլով Կրեմլում ահաբեկչության մասին կեղծ տեղեկության համար։ Գտնվելով ՌԴ տարածքում՝ Առաքելյանը զանգահարել էր ոստիկանություն եւ հաղորդել Կրեմլում պատրաստվող պայթյունի մասին։ Միջադեպը, որի համար 37-ամյա Առաքելյանը մի քանի ամիս ձերբակալված է եղել, տեղի էր ունեցել հունվարի 15-ին։
«Դատարանը որոշել է, որ Առաքելյանը, ապօրինի գտնվելով Ռուսաստանում, ցանկանալով իր հանդեպ ուշադրություն հրավիրել, զանգահարել է հերթապահ մաս եւ կեղծ տեղեկություններ հաղորդել Կրեմլում պատրաստվող պայթյունի մասին»,- ասված է հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Դատարանի դահլիճում ամբաստանյալը հայտարարել է, որ զղջում է իր արարքի համար։ Ի սկզբանե դատարանը որոշել էր նրան տուգանել 100 հազար ռուբլով, սակայն հաշվի առնելով ազատազրկման մեջ անցկացրած ժամանակահատվածը՝ նվազեցրել է տուգանքի չափը մինչեւ 20 հազար ռուբլի։




























