Ավստրիայի խորհրդարանի բոլոր 6 խմբակցությունները միավորվել են Օսմանյան կայսրությունում 1915թ. տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը դատապարտող  համատեղ հայտարարություն անելու համար։ Այս մասին  հաղորդում է Der Standard ավստրիական պարբերականը։ Փաստաթղթում նշվում է, որ Ավստրոհունգարիան, Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին լինելով Օսմանյան կայսրության դաշնակիցը, կրում է կատարվածի պատմական պատասխանատվությունը։  Խորհրդարանական խմբակցությունների համատեղ հայտարարության մեջ հիշատակվում են նաեւ Օսմանյան կայսրությունում զոհված այլ քրիստոնյաների ՝ ասորիների, արամեացիների, Պոնտոսի հույների ցեղասպանությունները։

Փաստաթուղթը նշում է, որ Ավստրիան պարտավոր է կատարվածը ցեղասպանություն որակել եւ դատապարտել։ «Թուրքիային իր հերթին կոչ է արվում իր մութ անցյալի ցավալի էջերը փակել եւ Օսմանյան կայսրությունում հայոց ջարդերը ցեղասպանություն ճանաչել, քանի որ ազատության, խաղաղության եւ մարդու իրավունքների մեր անօտարելի արժեքները անմիջականորեն կապ ունեն բռնությանը, տեղահանումներին եւ զանգվածային սպանություններին զոհ գնացածների հիշատակը հարգելու հետ»,- ասված է փաստաթղթում, որը ապրիլի 22-ին քննարկման է դրվելու Ավստրիայի խորհրդարանում։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ավստրիայի ժողովրդական կուսակցությունը (ÖVP ) ու Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (SPÖ) խորհրդարանի լիագումար նիստի ժամանակ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ են ներկայացնելու։ Փաստաթուղթը խորհրդարանի քննարկմանը դնելու առաջարկով հանդես են եկել  ÖVP խմբակցության ղեկավար Ռայնհոլդ Լոպատկան եւ SPÖ-ի անդամ  Անդրեաս Շիդերը։