ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից Ցեղասպանության հարցի շուրջ որոշակի դիրքորոշում հայտնելը բարդ է, քանի որ նա Թուրքիային դաշնակից պետություն է:Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանը:

Նա շեշտեց, որ Ցեղասպանություն բառը արտասանելու պատճառով Օբաման չի կարող կորցնել Թուրքիայի պես դաշնակից պետության, դա է պատճառը, որ Օբաման հապաղում է արտասանել այդ բառը: ՀԱԿ անդամը շեշտեց, որ ԱՄՆ մյուս նախագահները եւս չեն ասել Ցեղասպանության բառը, բայց գոնե Մեծ Եղեռն է ասել: «Բայց խնդիրը ո՞րն է՝ արդյոք ով ի՞նչ կարտասանի, ամենակարեւորն այն է, որ Թուրքիան ընդունի Ցեղասպանության փաստը, եթե մնացած երկրների դեպքում դա կարծես բարոյական հաղթանակների շարքից է, ապա Թուրքիայի դեպքում կարող են լինել մի շարք այլ զարգացումներ՝ պատմական արդարության վերականգնում եւ այլն»,-ասաց Զոյա Թադեւոսյանը:

Նա շեշտեց, որ էական չէ, թե ով ինչ կասի եւ դրանք մեծ ուրախանալու փաստեր չեն: ՀԱԿ անդամի կարծիքով՝ ցեղասպանության նկատմամբ որոշակի վերաբերմունք արտահայտելը պետությունների կողմից առաջին հերթին խոսում է այդ պետության ժողովրդավարական լինելու, պատմական անցյալի նկատմամբ հարգանք ունենալու մասին:

Նշենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմի ղեկավար Դենիս Մաքդոնոուն եւ ազգային անվտանգության հարցերով օգնականի տեղակալ Բեն Ռոդսը Սպիտակ տանը կայացած հանդիպման ընթացքում ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչներին հաստատել են, որ Միացյալ Նահանգների նախագահը որոշել է ապրիլի 24-ի իր հայտարարությունում չճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին ասված է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հայտարարությունում: