«Վրաստանի Աջարիայի Ինքնավար Հանրապետության ծովափնյա քաղաքներն ու փոքրիկ ավանները ամռան ամիսներին արդեն քանի տարի հայաստանցի զբոսաշրջիկների պակաս չեն զգում: Ընդամենը մի քանի տարի առաջ Աջարիայի հիմնական հանգստավայրեր Բաթումն ու Քոբուլեթը ավելի շուտ գյուղական ավաններ էին հիշեցնում, որտեղ միակ տարբերությունը սովորական վիճակից ծովի ու գեղեցիկ բնության համադրությունն էր»,-գրում է պարբերականը: Աջարիայի կառավարության նախագահ Լեւան Վարշալոմիձեի խոսքով՝այս տարի՝ հունվարից սկսած, Աջարիա են այցելել ավելի քան 340 հզ. զբոսաշրջիկներ, երբ նախորդ տարի այստեղ իրենց հանգիստն են անցկացրել նույն ժամանակահատվածի համար միայն 120 հազարը: Աջարիան այս տարի արդեն հասցրել է ընդունել հայաստանցի 32 հազար զբոսաշրջիկի, անցյալ տարվա նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը կազմել է ընդամենը 12,5 հզ.:
«Իսկ ընդհանրապես անցյալ տարի, ըստ Աջարիայի կառավարության պաշտոնական տվյալների, Բաթում եւ մյուս հանգստավայրեր են այցելել Հայաստանից 60 հզ. զբոսաշրջիկ, եւ այս ցուցանիշի առնչությամբ այս տարի սպասվում է, որ կհասնի մինչեւ 90 հազարի: Այս տարի, ի տարբերություն նախորդ տարիների, Հայաստանից զբոսաշրջիկներ եկել են դեռեւս հունիսին, ինչը նախադեպ չունի: Ինչ վերաբերում է գներին, ապա դրանք, ըստ Վարշալոմիձեի, ենթակառուցվածքների զարգացման ու ընդլայնման հետ մեկտեղ կաճեն: Իսկ թե այդուհետեւ որքանով գրավիչ կլինի հայ զբոսաշրջիկների համար Աջարիան, երբ ներկա դրությամբ հիմնական գործոնը ցածր գներն են, Լեւան Վարշալոմիձեն նախ պարզաբանում է, որ գներն, այնուամենայնիվ, որոշում է շուկան:
Սակայն Աջարիայում հանգստանալու գների բարձրացման հարցում եւս մեկ հարց կա, որ ըստ կառավարության ղեկավարի՝ վերաբերում է տուրիստական գործակալությունների կողմից էժան ձեռքբերված տարբերակները մի քանի անգամ թանկ վաճառելու իրականությանը: Դրա համար էլ վերջերս ստեղծված Աջարիայի տուրիստական պետական գործակալությունը շուտով ներկայացուցչություն կունենա նաեւ Երեւանում, ինչը հնարավորություն կտա ուղեգրեր ու ընդհանրապես ծառայություններ ձեռք բերելու շատ ավելի էժան գներով: «Լեւան Վարշալոմիձեն, ըստ էության, Աջարիայում հանսգտանալու ուղեգրերը «թանկացնելու» մեջ մեղադրեց ոչ միայն որոշ հայաստանյան գործակալությունների, այլեւ բաժին հանեց «Արմավիային», որի իրականացրած «Երեւան-Բաթում» չվերթերի տոմսերը շատ թանկ են»,-գրում է պարբերականը:




























