Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի քաղաքականությունը ուղղակի հանդուգն է։ Այս մասին ապրիլի 22-ին «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» գլոբալ ֆորումի շրջանակներում լրագրողներին հայտարարել է բուլղարացի լրագրող եւ քաղաքագետ Գեորգի Կուլարովը։

Նրա խոսքով՝ բուլղար ժողովուրդը կիսում է 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին հայ ժողովրդի ապրած ցավը։ «Ինչպես հայտնի է, ելնելով Առաջին համաշխարհային պատերազմի տարիների աշխարհաքաղաքական իրավիճակից, երբ Բուլղարիան ոչ իր կամքով հայտնվել էր կենտրոնական ուժերի կողքին, եւ անգամ ճակատում բուլղարական եւ թուրքական բանակները կռվում էին ռուսական բանակի դեմ, այդ ժամանակ Հայաստանի եւ Թուրքիայի սահմանը բաց էր, եւ հարյուր հազարավոր հայեր փրկություն գտան Բուլղարիայի տարածքում, քանի որ այնտեղ ճակատային գիծ չկար»,- ասել է Գեորգի Կուլարովը։

NEWS.am-ի թղթակցի հարցին, թե ինչպես նա կբնութագրեր Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի քաղաքականությունը, բուլղարացի քաղաքական գործիչը նշել է. «Եթե ողջ աշխարհն արդեն  հասկացել է, թե ինչ է տեղի ունեցել 1915-1923թթ., եթե Ռուսաստանը, Եվրամիությունն ու ԱՄՆ 43 նահանգ Թուրքիային ցույց են տալիս, որ նա պետք է ներողություն խնդրի, զղջա եւ ճանաչի Ցեղասպանությունը, բայց ոչինչ տեղի չի ունենում կամ ինչպես ասում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ԵՄ բանաձեւը իրենց աջ ականջից մտնում է ձախից դուրս գալիս, ես դա գնահատում եմ որպես տարրական դիվանագիտական տակտի եւ աշխարհի մյուս մասին հետ շփվելու ցանկության բացակայություն։ Քանի որ նույն բանն անում է Ադրբեջանը, ապա նկատվում է միտումը, թե ինչպես է թուրքական աշխարհը փորձում մեկուսանալ մնացած աշխրահից։ Դա տխուր փաստ է մեր ամբողջ տարածաշրջանի՝ Բալկանների, Առաջավոր Ասիայի եւ Մերձավոր Արեւելքի համար»,- հավելեց քաղաքագետը։