Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի  հետ ունեցած հեռախոսազրույցում անձամբ բացատրել է նրան հայոց ջարդերը ցեղասպանություն որակելու հարցում Գերմանիայի դիրքորոշումը։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության փոխխոսնակ Քրիստինե Վիրթցը։

Կառավարության փոխխոսնակի տեղեկություններով՝ Դավութօղլուն եւ Մերկելը հանգիստ զրույց են ունեցել, որի ժամանակ կանցլերը ներկայացրել է դաշնային կառավարության դիրքորոշումը։ Հարցին, արդյոք, Թուրքիայի վարչապետը բողոքել է ցեղասպանության բառն օգտագործելու դեմ, փոխխոսնակը նշեց, որ նման տեղեկություններ չունի։

Նշենք, որ ավելի վաղ գերմանական Die Welt պարբերականը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել էր, որ Դավութօղլուն բողոքել է Մերկելին Բունդեսթագում քննարկման դրված բանաձեւում ցեղասպանություն եզրի առկայության կապակցությամբ։

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Բունդեսթագում խմբակցությունների կողմից քվեարկության է դրվելու Հայոց ցեղասպանության մասին  բանաձեւը, որում ասվում է, որ ավելի քան 1 մլն հայերի պարբերական ջարդերը եւ սպանությունները  զանգվածային բնաջնջումների, էթնիկ զտումների, տեղահանությունների եւ, այո, 20-րդ դարի ցեղասպանությունների օրինակ է։