Հայոց ցեղասպանությունը շարունակվում է եւ այսօր Սիրիայում. Թուրքիայի նախագահի ուղարկած վարձկանները ոչնչացնում են հայ համայնքը Քեսաբում եւ Հալեպում։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի Լիոն-2 համալսարանի պրոֆեսոր, Միջերկրածովի եւ Մերձավոր Արեւելքի մանսագետ Ֆաբրիս Բալանշը։
«Քեսաբում եւ Հալեպում այսօր էլ շարունակվում է հայերի ցեղասպանությունը եւ, ցավոք, Ֆրանսիան լռում ու ոչինչ չի ասում Թուրքիային։ Մենք գիտենք, որ Հալեպում հայկական թաղամասերը ոչնչացրած ահաբեկիչները վարձկաններ էին Աֆղանստանից եւ Չեչնիայից։ Դա նույն գործընթացն է, որ եղավ Ղարաբաղում 25 տարի առաջ։ Այն ժամանակ Ադրբեջանն էր վարձկանների ուղարկում Ղարաբաղ, այժմ էլ Էրդողանն է ուղարկում՝ ոչնչացնելու Սիրիայի հայ համանքը»,- նկատել է Բալանշը։
«Ցավում եմ, որ Ֆրանսիան չի բողոքում»,- հավելել է նա. «Մենք պետք է պատժամիջոցներ կիրառենք Թուրքիայի նկատմամբ, քանի որ Թուրքիան աջակցում է ահաբեկչությանը։ Ցեղասպանությունից այսքան տարի անց նրանք շարունակում են անել դաս Սիրիայում, եւ դա անթույլատրելի է մի երկրի համար, որը ցանկանում է Եվրոպային անդամակցել»։
Նա նաեւ նշել է, թե Ֆրանսիան մի քանի տարի առաջ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ Օլանդը լուրջ մանսակցություն ունի Ցեղասպանության ճանաչման հարցերում։




























