Փաստը, որ Ռուսաստանը պատրաստվում է երկու դիվիզիոն զենիթահրթիռային  համալիր մատակարարել Ադրբեջանին, շատ մտահոգիչ է, ինչպես մտահոգիչ է նմանօրինակ վարքի դրսեւորումը ցանկացած այլ երկրի կողմից։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը՝ մեկնաբանելով այն տեղեկությունը, որ Ռուսաստանը պատրաստվում է Ադրբեջանին երկու դիվիզիոն զենիթահրթիռային (ЗРК) С-300 ՄՊՈՒ-2 «Ֆավորիտ» համալիր վաճառել։

Պատգամավորի խոսքով, վտանգավոր է, երբ Ադրբեջանին ռազմատեխնիկայով զինելու պատրաստակամություն հայտնած այս կամ այն պետությունը անտեսում է այդ երկրի՝ անընդհատ հնչող ռազմատենչ հայտարարությունները։ «Ադրբեջանին ռազմատեխնիկա վաճառելով՝ այդ երկրներից յուրաքանչյուրը, փաստորեն, նպաստում է Ադրբեջանի զինմանը եւ պատերազմ սկսելու նրա ձգտումներին։

Ռուաստանի կողմից Ադրբեջանին զենիթահրթիռային  համալիր վաճառելու փաստն կրկնակի անհանգստացնող է եւ չի կարող չմտահոգել ԱԺ մեր հանձնաժողովին։ Այդ է պատճառը, որ ՀԱՊԿ-ի՝ Սանկտ-Պետերբուրգում աշնանը կայանալիք առաջիկա վեհաժողովում ես պատրաստվում եմ այս հարցը բարձրացնել մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի առջեւ՝ լսելու համար այդ որոշումը կայացրած մարդկանց բացատրությունները»,- տեղեկացրեց հանձնաժողովի նախագահը։

Նրա խոսքով, իրենք ունեն փաստեր, որոնք վկայում են, որ  բացի Ռուսաստանից, Ադրբեջանին որոշ զինատեսակներ վաճառում են նաեւ այլ երկրներ։ «Դրանց թվում են ինչպես ՀԱՊԿ անդամ, այնպես էլ կառույցի անդամ չհանդիսացող երկրներ, այդ թվում՝ արեւմտյան մի շարք պետություններ եւ Հարավաֆրիկյան հանրապետությունը»,- նշեց Հրայր Կարապետյանը՝ ավելացնելով, որ Հայաստանը միջազգային բոլոր ատյաններում, գոնե խորհրդարանական մակարդակով, պարտավոր է բարձրացնել այս հարցը, որովհետեւ անընդունելի է, որ հաշվի առնելով Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները՝ որեւէ երկիր զինի նրան։

Ամփոփելով՝ նա նկատեց, որ Ռուսաստանը, Հայաստանի հետ միաժամանակ լինելով ՀԱՊԿ անդամ երկիր, այս հարցում նախապատվությունը պետք է տար հենց Հայաստանին։ «Ինչ վերաբերում է Ադրբեջանի՝ զենք-զինամթերք ձեռք բերելու մոլուցքին, ապա մենք վաղուց ենք նկատել, որ այդ երկիրը ամենատարբեր տիպի զինամթերք է գնում՝ առանց հաշվի առնելու դրանց կիրառելիության հատկությունները»: