Ադրբեջանում ծեծել են «Ենի Մուսավաթ» թերթի աշխատակից Էլմին Բադալովին: Դեպքը տեղի է ունեցել Մարդակյան ավանում ռեպորտաժի նախապատրաստության ժամանակ: Այդտեղ է եղել նաեւ «Միլի յոլ» թերթի աշխատակից Անար Գյարայլըն:

Ինչպես տեղեկացնում են լրագրողների գործընկերները, Մարդակյան ավանում առանձնատների նկարահանումների ժամանակ հանկարծ նրանց կողքին հայտնվել է արտասահմանյան մակնիշի սեւ մի մեքենա: Այդ մեքենայից դուրս է եկել սպորտային կազմվածքով մեկը եւ բռնելով օպերատորի վզից, նրան ուժով մտցրել է մեքենան: Լրագրողի խոսքով, որոշ ժամանակ անց հայտնվել է նաեւ երկրորդ մեքենան, որից դուրս են եկել 4-5 հոգի եւ սկսել են միասին ծեծել լրագրողներին:

«Բռնելով իմ ոտքերից, մի քանի անգամ գլխով խփեցին գետնին: Հետո մեզ տարան առանձնատուն, որը ես նկարում էի, եւ շարունակեցին ծեծը: Մեզանից խլեցին եւ անջատեցին բջջային հեռախոսները: Այդտեղ մեզ պահեցին 3 ժամ, հետո բաց թողեցին»,- պատմել են նրանք:

«Ենի Մուսավաթ» թերթի ղեկավարությունը դեպքի մասին հայտնել է ոստիկանությանը: Նախօրեին երեկոյան, խմբագրություն են կանչել նաեւ շատպօգնության մեքենաներ, ծեծված Բադալովին օգնություն ցույց տալու համար: Թերթի խմբագրությունը մտադիր է դիմել համապատասխան կառույցներին, հաղորդում է ադրբեջանական ANS PRESS-ը:

Ինչպես տեղեկացնում է pia.az-ը, լրագրողները փորձել են լուսանկարել ադրբեջանցի պաշտոնյա-օլիգարխների շքեղ առանձնատները Մարդակյան ավանում: Լրագրողներին ծեծել են Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովի թիկնապահները: