«Գորիս» բժշկական կենտրոնի տնօրենի թափուր տեղի համար մրցույթը տեղի կունենա հունիսի 10-ին: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Սյունիքի մարզպետարանի կայքից:
Ըստ հայտարարության՝ դիմումների վերջնաժամկետը մայիսի 8-ն է: Թե ովքեր են դիմում ներկայացնել, օրենքով սահմանված կարգով գաղտնի է պահվում:
Մեզ հետ զրույցում, սակայն, հիվանդանոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նորա Իվանյանը հայտնեց, որ չի պատրաստվում մասնակցել մրցույթին: Թե ինչու չի մասնակցելու մրցույթին, վերջինս չցանկացավ մենկաբանել:
Նշենք, որ մեր տեղեկություններով՝ հիվանդանոցի տնօրենի ամենահավանական թեկնածուն Սաշիկ Խաչատրյանն է, որը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հորեղբոր թոռն է, «Որոտանի հէկերի համակարգի» գլխավոր տնօրեն Սասուն Խաչատրյանի որդին:
Հիշեցնենք, որ Սլավիկ Ամիրյանը երկար ժամանակ աշխատանքի չէր գնում: Դեռ անցած տարվա հոկտեմբերին լուրեր էին տարածվել, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը կադրային ջարդ է սկսել հիվանդանոցում. աշխատանքից ազատվել էին Սլավիկ Ամիրյանի քրոջ որդին եւ հարսը, տարբեր տեղեկությունների համաձայն՝ հաջորդն աշխատանքից ազատվելու էր հենց Ամիրյանը: Սակայն, հիվանդանոցում պնդում էին, որ տնօրենը վիրահատվել է, բյուլետենի մեջ է եւ շուտով կվերադառնա աշխատանքի:





























