«Քինգ դելյուքս» ընկերության սեփականատեր Արթուր Հարությունյանը՝ «Պալաչը», առաջադրելու է իր թեկնածությունը Աբովյանի քաղաքապետի ընտրություններին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արթուր Հարությունյանը:
Նա նշեց, որ առայժմ չի ցանկանում հարցազրույց տալ, երբ կառաջադրի իր թեկնածությունը, այդ ժամանակ էլ կխոսա: Ինչ վերաբերում է մրցակիցներին, ապա Արթուր Հարությունյանը շեշտեց, որ միայն ուրախ է ուժեղ մրցակիցներ ունենալ, ով դնում է թեկնածությունը, թող բարով դնի: Անդրադառնալով քաղաքական ուժերի կողմից, մասնավորապես՝ ՀՀԿ-ի կողմից, իրեն սատարելուն, Արթուր Հարությունյանն ասաց հետեւյալը. «Աբովյան քաղաքի բնակչությունն է ինձ սատարում, իսկ քաղաքական ուժերից ով ում կսատարի, տեղյակ չեմ: Ես դնում եմ իմ թեկնածությունը հաղթանակի համար»:
Նշենք, որ Գագիկ Ծառուկյանի փեսան՝ Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանը նշանակվել էր Կոտայքի մարզպետ: Կառավարության ապրիլի 22-ի նիստում պետք է որոշում կայացվի արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին: Աբովյանում քաղաքապետի ընտրությունները կկայանան հունիսի 7-ին: Ազգային ժողովի Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հանձնաժողովի փորձագետ Վահագն Գեւորգյանը եւս պատրաստվում է առաջադրվել Աբովյանում կայանալիք քաղաքապետի ընտրություններին:





























