Ուկրաինայի արեւելքում Malaysia Airlines ավիաընկերության օդանավի կործանման վայրում ինքնաթիռի բեկորների որոնողական աշխատանքները շաբաթ ավարտելու են: Այս մասին հայտարարել է որոնողական խմբի ղեկավար, Նիդեռլանդների ներկայացուցիչ Փիթեր-Յաապ Աալբերսբերգը:
Որոնողական աշխատանքները համակարգողի խոսքով, խումբն արել է հնարավոր ամեն ինչ՝ փորձելով հայտնաբերել ուղեւորների աճյուններն ու ինքնաթիռի բեկորները: Նույն օրը՝ մայիսի 2-ին, 7 զոհվածի մարմինները տեղափոխող վերջին ինքնաթիռը կուղեւորվի Նիդեռլանդներ:
BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, Աալբերսբերգը նշել է, որ վերջին շաբաթներին զոհվածների անձնագրերի եւ անձնական իրերի նոր խմբաքանակ են հայտնաբերել:
2014 թվականի հուլիսի 17-ին Ամստերդամ-Կուալա Լումպուր ուղղությամբ МН17 չվերթի բոլոր 298 ուղեւորներն ու անձնակազմի անդամները զոհվել էին:





























