ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի օրերս կայացրած վճիռը չի կարող նախադեպային դիտվել, օգտագործվել մյուս սառեցված հակամարտությունների դեպքում։ Այն վերաբերում է մեկ դեպքի՝ Կոսովոյին: Նման տեսակետ է հայտնել Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը` «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետ զրույցում:
Փորձագետը համոզված է, որ Միջազգային դատարանն իր վճռով ընդամենը ցանկանում էր ասել՝ Կոսովոյի անկախության հռչակումը չի հակասում միջազգային օրենսդրությանը։
Հիշեցնենք, որ Կոսովոյի հարցով Արդարադատության միջազգային դատարան էր դիմել Սերբիան։ Հարցին, որ, եթե Լեռնային Ղարաբաղը, Հարավային Օսիան, Աբխազիան կամ Մերձդնեստրը դիմեն նույն այս դատարան՝ իրենց դեպքերն ուսումնասիրելու հայցով, ինչպիսի՞ն կլինեն հետեւանքները՝ Սաբինա Ֆրեյզերը պատասխանել է, թե չճանաչված հանրապետությունը չի կարող դիմել Արդարադատության միջազգային դատարան:
«Այդ քայլին գնալու համար Ղարաբաղը պետք է ունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի անդամների մեծամասնության աջակցությունը՝ Միջազգային այդ դատարանում իր հայցը պաշտպանելու համար։ Նույնը անհրաժեշտ է անել նաեւ Անվտանգության խորհրդում։ Դրա համար հարկավոր է, որ հայցվոր կողմը ՄԱԿ-ի անդամ լինի։ Ղարաբաղն անդամ չէ, ուստի Լեռնային Ղարաբաղն ի վիճակի չի լինի դա անել», - եզրակացրել է Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը։




























