Երեւանի արտաքին տեսքն ու բնապահպանական միջավայրը շարունակում է ձեւախեղվել, իսկ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության բարձր հովանու ներքո հընթացս կրճատում է մայրաքաղաքի կանաչ տարածքները, ողջ թափով ծառերի «խորը էտ» է իրականացնում՝ հարուցելով բնապահպանական կառույցների եւ երեւանցիների բուռն դժգոհությունը։
Տարիներ շարունակ բնապահպանական կառույցները ահազանգում են Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության ապօրինությունների մասին, փաստեր, տեսանյութեր ու լուսանկարներ ներկայացնում, սակայն դրական որեւէ զարգացում չի նշմարվում, իսկ պատասխանատուները շարունակում են պաշտոնավարել եւ աղճատել Երեւանի դիմագիծը։
Դրան զուգահեռ, Երեւան քաղաքի բյուջեում «Շրջակա միջավայրի պաշտպանություն» հոդվածի տակ ավելանում են հարկատուների հաշվին ծախսվող գումարները։
Այսպես, 2014թ. 1 մլրդ 597 մլն դրամ է հատկացվել «Կանաչ տարածքների հիմնում եւ պահպանում» ծրագրին, իսկ 2015թ. բյուջեով նախատեսված է հատկացնել 1 մլրդ 663 մլն 636 հազար դրամ։ 2014 թվականին 291 մլն 905 հազար դրամ է տրամադրել «Սիզամարգերի ստեղծում եւ ծաղկապատում» ծրագրին, իսկ ընթացիկ տարում քաղաքապետարանը մտադիր է 312,2 մլն դրամ ծախսել։
«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը դեռեւս 2013թ. նոյեմբերին հայտարարություն էր տարածել՝ իր մտահոգությունը հայտնելով Երեւանում ծառերի էտումների կապակցությամբ, նշելով, որ Երեւանում վտանգված են 17 000 ծառեր։ «Բացի այն, որ բնապահպանական վարչության «Կանաչապատում» ՓԲԸ չի տիրապետում տարրական մասնագիտական գիտելիքների, միջազգային փորձին եւ չի վերահսկում ծառերի հատումներն ու էտումները, այդ վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը պատասխանատվություն է կրում տարբեր բարձրահարկերի կառուցապատումների համար տրված ապօրինի հատումների թույլտվությունների համար։ Դրանցից են Նալբանդյան 106 բակը, Կոմիտաս 5ա, Կենտրոնի, Մալաթիա Սեբաստիայի, Դավիթաշենի եւ Ավանի մի քանի ծառածածկ գոտիներ։ Մինչեւ օրս պարզ չէ եւ քաղաքապետարանը օրենքին հակառակ հրաժարվում է ներկայացնել, թե հատկապես ինչի վրա են ծախսվում «Կանաչապատում» ՓԲԸ բյուջեով նախատեսված հանրային գումարները։ Ավետ Մարտիրոսյանի հրահանգով փաստացի խոշտանգվում են Երեւանի երկնասլաց բարդիները։ Դրան զուգահեռ շարունակվում է հովանավորվել ծառերի փչացումը շինաշխատանքների համար»,- նշել էր նախաձեռնությունը։
2014թ. նույնպես նախաձեռնությունը արձանագրել էր, որ Երեւանի կանաչապատման ոլորտում միլիարդներ են փոշիացվում, իսկ բյուջեի գումարները չեն ծառայում կանաչ տարածքների խնամքին։ Այդ գումարը նաեւ ոչ մի կերպ չի անդրադառնում Կանաչապատում ՓԲԸ աշխատողների աշխատավարձի վրա։ «Կտրվում է ամեն բան, ինչը կանաչ սաղարթներ ունի եւ դեպի վերեւ է աճում՝ ընդ որում կամայականորեն։ Անցյալ տարվա աշնանը կեսից կտրվեցին Ավանի ֆինանսական տեխնիկումի այգում երկնասլաց ծառերը։ Այս ապօրինությունների համար պատասխանատվություն է կրում Երեւանի քաղաքապետը եւ բնապահպանական վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը, ովքեր հրաժարվում են ներկայացնել Կանաչապատում ՓԲԸ-ների ծախսերի մանրամասն հաշվետվությունները։ Այս պաշտոնյաները որեւէ կերպ չեն արձագանքում հանրության եւ մասնագետների կարծիքին եւ շարունակում են մնացած կանաչ գոտիները Նորքում եւ այլուր տրամադրել կառուցապատման համար։ Սա իհարկե կոռուպցիա է բարձր մակարդակում»,- արձանագրել էին բնապահպանները։
Իր հերթին Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Երեւանի առաջ ծառացած բնապահպանական խնդիրները ոչ միայն չեն լուծվում, այլեւ օր օրի ավելանում են: Նա շեշտեց, որ եթե 40-50 տարի առաջ Երեւանը քաղաք էր, ապա այժմ այն օրեցօր կորցնում է բնակավայր լինելու ֆունկցիան: «Առաջինը՝ մենք անընդհատ խոսում ենք կանաչ տարածքներից, կանաչ տարածքները մեռնում են, բետոնապատվում, ասֆլատապատվում, կառուցվում են բարձրահարկ շենքեր: Կանաչ տարածքները մեռան, բարձրահարկ շենքերը կառուցվեցին, 1988թ երկրաշարժից հետո պետշինը հատուկ հրաման իջեցրեց, որ Երեւանում բարձրահարկ շենքերը չկառուցել, եղածներն էլ իջեցնել մինչեւ 7 հարկ, մնացածը քանդել: Ի՞նչ եղավ՝ երկրաշարժի սարսափը ընդամենը 2-3 տարի եղավ, սկսվեց վանդալ մոտեցում, ով ինչ հարկայնություն ուզեց, բարձրացրեց, դրա հետ մեկտեղ խաղահրապարակների մեծ մասում բարձրահարկ շենքեր են կառուցվում: Եթե մի աղետալի բան պատահի, փրկարարները չեն կարողանա գալ եւ մարդկանց հանել փլատակների տակից»,-ասաց Հակոբ Սանասարյանը՝ հավելելով, որ այս քաղաքաշինական խնդիրները կեղծիքի եւ կոռուպցիայի վրա է դրված, որեւէ նորմի չի ենթարկվում:
Կանաչների միության նախագահը որպես օրինակ նա բերեց այն, որ Երեւանի մոտակայքի գյուղերի հողերը՝ մոտ 7000 հա, դարձրել են բուֆերային հողեր, այսինքն՝ նախատեսված նաեւ արդյունաբերության համար, իսկ գերեզմանոցները տեղափոխել են կանաչ տարածքների հաշվեկշիռ, «բա սա լկտիություն չի՞»: Հակոբ Սանասարյանն նշեց նաեւ, որ մի խայտառակ վիճակ էլ Սովետաշենի գերեզմանոցում է, որտեղ թույլ չտվեցին ճապոնացիներին ծրագիր իրականացնել, փոխարենը այնտեղ մարմնի մասեր կարելի է գտնել, կենդանիներ են արածում, ինչ ասես, ուտում, դրանց միսն էլ հայտնվում է շուկաներում եւ մեր սեղաներին:
Այս եւ բազմաթիվ այլ փաստերը, սակայն, չեն խանգարում, որ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանն ու մյուս պատասխանատուները շարունակեն պաշտոնավարել։





























