Ապրիլի 3-ին երկարատեւ ծանր հիվանդությունից հետո մահացել է ԱՀԹ Քանաքեռի ս. Հակոբ եկեղեցու հոգեւոր հովիվ արժանապատիվ Տ. Սահակ ավագ քահանա Սահակյանը: Նա 2001թ. ծառայում էր Արարատյան Հայրապետական թեմում:

Տեր հոր հարուստ կենսագրության մեջ իր նշանակալի տեղն է ունեցել Կիրովաբադում ծառայած շրջանը: Արցախյան պատերազմի սկզբում, երբ Ադրբեջանի հայկական համայնքները ենթարկվում էին ջարդերի ու սպանդի, Տեր հայրը եկեղեցում հավաքեց ու պատսպարեց քաղաքի բազմահազար հայությանը:

Նրա համարձակության շնորհիվ էր, որ Կիրովաբադի հայերը եկեղեցու բակում կարողացան կազմակերպել ինքնապաշտպանությունն ու հեռանալ քաղաքից առանց կորուստների: Տեր հոր շնորհիվ Կիրովաբադում հնարավոր եղավ խուսափել զանգվածային սպանություններից:

Տ. Սահակ ավագ քահանա Սահակյանի կենսագրությունը

Տեր Սահակ (ավազանի անունը՝ Մկրտիչ) ավագ քահանա Սահակյանը ծնվել է 1950թ. ապրիլի 25-ին, Վրաստանի Ախալցխայի Փոքր Պամաջ գյուղում: Նրա պապերը գաղթել են պատմական Էրզրումից եւ եղել են քահանաներ: Նախ սովորել է գյուղի ութամյա, այնուհետեւ՝ Վալեի հայկական թիվ 3 միջնակարգ դպրոցներում:

1968-1970թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ  Էջմիածնի Գեւորգյան  Հոգեւոր  ճեմարանում:

1970-1972թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1972թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը, այնուհետեւ տեղափոխվել

Երեւանի Կ. Մարքսի անվան Պոլիտեխնիկական  ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետը եւ ավարտել 1979թ.:

1979-1981թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան Հոգեւոր ճեմարանում:

1981թ. ձեռամբ Տեր Հուսիկ  արքեպիսկոպոս Սանթուրյանի ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա: 1981-1989թթ. ծառայել Ադրբեջանի Կիրովաբադ (Գանձա) քաղաքի հայկական Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում՝ որպես հոգեւոր հովիվ: Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է լանջախաչ, այնուհետեւ՝ ծաղկյա փիլոն: 2008թ. հունավարից ստացել է ավագության աստիճան:

1989-1991թթ. ծառայել է Հյուսիսային Օսեթիայի Վլադիկավկազ (նախկին Օրջոնիկիձե) քաղաքի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում:

1992-2000թթ. նշանակվել է Հնդկաստանի Կալկաթա քաղաքի հոգեւոր թեմի առաջնորդ եւ ճեմարանի տեսուչ:

2000-2001թթ. ծառայել է Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյի Ս. Ներսես Շնորհալի եկեղեցում՝ որպես հոգեւոր հովիվ:

2001թ. մարտի 17-ից ծառայել է ԱՀԹ Ն. Չարբախի ս. Խաչ եկեղեցում՝ որպես հոգեւոր հովիվ:

2002 թվականից  ծառայում էր ԱՀԹ Քանաքեռի ս. Հակոբ եկեղեցում՝ որպես հոգեւոր հովիվ: