ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովում կներդրվի ԵՄ չափանիշներին համապատասխան գնահատման ընթացակարգերի, մրցակցության կանոնների եւ չափորոշիչների համակարգ: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Հանձնաժողովի լրատվական ծառայությունից, այդ համակարգի ներդրման նպատակը մրցակցային քաղաքականության զարգացումն է եւ մրցակցության միջազգային կառույցներին Հայաստանի ինտեգրման գործընթացի խթանումը:
Ծրագրին աջակցում եւ դրա իրականացման համար մրցույթ է անցկացրել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը: Մրցույթում հաղթող է ճանաչվել «Ալֆա պլյուս» հայաստանյան ընկերությունը, որի ղեկավարին այսօր ՀՀ ՏՄՊՊՀ նախագահին եւ աշխատակիցներին ներկայացրել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը, նույն գրասենյակի տնտեսական եւ բնապահպանական ծրագրերի ղեկավավար Վիլյամ Հենլոնը եւ ծրագրերի համակարգող Տիգրան Սուքիասյանը:
Մրցույթում հաղթած ընկերության ղեկավարի խոսքով` համակարգի ներդրման առաջին արդյունքները մրցակցության քաղաքականության կիրակման գնահատման բնագավառում տեսանելի կլինեն աշխատանքի առաջին երեք շաբաթվա ավարտին:



























