Գյումրիում մարտի 7-ի ուշ երեկոյան հնչած կրակոցների գործով այսօր՝ մայիսի 8-ին, լրանում է նախաքննության ժամկետը: NEWS.am-ի  թղթակցի հետ զրույցում փաստաբան Թամարա Յայլոյանն ասաց, որ միջնորդություն է ներկայացնելու իր պաշտպանյալներից Համլետ Գեւորգյանի եւ Հովիկ Տոնոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու եւ նրանց մասով քրեական գործը կարճելու որոշման մասին: Ավելի վաղ գործի շրջանակներում մեղադրյալ Դավիթ Հակոբյանի փաստաբանը եւս միջնորդություն էր ներկայացրել իր պաշտպանյալի մասով գործը կարճելու մասին, սակայն այն մերժվել էր: Թամարա Յայլյոնանն ասաց, որ գործի շրջանակներում նշանակված են մի շարք փորձաքննություններ՝ մանրաթելային, դատակենսաբանական, որոնց եզրակացությունները, հույս ունի, կլինեն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիի Արցախ թաղամասում` Տերյան փողոցում, գիշերը կրակոցներ են հնչել: Ժամը 23:30-ից մինչեւ 00:30-ը սահմաններում տարբեր վնասվածքներով Գյումրիի բժշկական կենտրոն է տեղափոխվել 6 մարդ: Վիրավորներից 3-ը հրազենային վնասվածքներ են ստացել, իսկ մյուսները վիրավորվել են կտրող-ծակող գործիքներից:

Հիվանդանոց տեղափոխված անձինք են՝ Ղազարյան Սմբատ, Ղազարյան Գագիկ, Ղազարյան Կնյազ, Հակոբյան Վլադիմիր, Գեւորգյան Համլետ, Ղուկասյան Գագիկ: Նրանցից երեքին ծանր վիճակում տեղափոխել էին Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Երեւան տեղափոխվածներն են Կնյազ Ղազարյանը (հրազենից ստացված գանգուղեղային վնասվածքով), ով ավելի ուշ մահացել էր, Գագիկ Ղազարյանը (հրազենից ստացված ձախ ուսի հատվածում վնասվածքով) եւ Գագիկ Ղուկասյանը (բութ գործիքով հարվածի հետեւանքով գանգուղեղային վնասվածքով)։

Հիվանդանոց տեղափոխված քաղաքացիները Գյումրիի տարբեր թաղամասերից են՝ Արցախ, Սունդուկյան, Կ. Դեմիրճյան փողոցներից: Կրակոցները հնչել են Տերյան փողոցում` «Պեգաս» խանութի մոտ: Գործի շրջանակներում բերման են ենթարկվել տասնյակ անձինք, եղել են բազմաթիվ խուզարկություններ, մեղադրյալների թիվը  6 է, կան նաեւ հետախուզվողներ:

Նշենք, որ Վերաքննիչ դատարանը վերացրել է Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի որոշումը՝ Հովհաննես Տոնոյանին նկատմամբ որպես խափանման միջոց կալանք ընտրելու վերաբերյալ եւ նրան ազատ են արձակել ստորագրության դիմաց, իսկ մեղադրյալներից Դավիթ Հակոբյանին Վերաքննիչը ազատ էր արձակել 500 հազար դրամ գրավի դիմաց: Շիրակի մարզի դատախազությունն էլ փոխել է մեղադրյալներ Համլետ Գեւորգյանի, Արտակ Ղազարյանի եւ Մերուժան Մովսիսյանի խափանման միջոցը կալանքը, նրանք ստորագրությամբ ազատ են արձակվել: Այժմ մեղադրյալներից կալանքի տակ է միայն Աշոտ Ղուկասյանը: