«Վերնիսաժի» գործով ամբաստանյալ Վալերիկ Հովհաննիսյանի հարազատները վրդովված են ամբաստանյալ Գոռ Առաքելյանին առաջադրված մեղադրանքը փոփոխելուց: Այս մասին NEWS.am-ին ասաց Հովհաննիսյանի փաստաբան Արայիկ Ալվանդյանը:

«Մեր դիրքորոշումը կհայտնենք հարազատների հետ խորհրդակցելուց հետո: Ամեն դեպքում հարազատները վրդովված են դատախազի որոշումից»,- ասաց փաստաբանը:

Գործով մյուս ամբաստանյալ Ներսես Մելքոնյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք որեւէ դիրքորոշում չեն հայտնելու այս հարցի վերաբերյալ, քանի որ իր պաշտպանյալն է այդպես ցանկանում:

Նշենք, որ մայիսի 7-ին կայացած դատական նիստին մեղադրող Հարություն Սարգսյանը հայտարարեց, որ Գոռ Առաքելյանին ի սկզբանե առաջադրված սպանության փորձի մեղադրանքը փոխարինվել է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու հոդվածով:

Հիշեցնենք, որ 2014թ. մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում կրակոցներ էին հնչել «Վերնիսաժի» տարածքում։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Գոռ Առաքելյանը (ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան) Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ վեճի բռնվելով Վալերիկ Հովհաննիսյանի եւ Ներսես Մելքոնյանի հետ, փորձել է ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել նրանց, ինչպես նաեւ անկանոն կրակ է բացել՝ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելով պատահական անցորդների։ Գոռ Առաքելյանը մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, ինչպես նաեւ երկու եւ ավելի անձանց առողջությանը ծանր, մեկ անձի՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար, իսկ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ավելի ուշ կալանավորվել են նաեւ Ներսես Մելքոնյանը եւ Վալերիկ Հովհաննիսյանը՝ խուլիգանության մեղադրանքով։

Գոռ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի, 1-ին, 6-րդ եւ 10-րդ կետերով, 112-րդ հոդվածի 2-րդ մասի, 1-ին, 5-րդ, 9-րդ կետերով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով: Վալերիկ Հովհաննիսյանին եւ Ներսես Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Երեքի դեպքում էլ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: