Մայիսի 7-ի երեկոյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը Վաշինգտոնի Ազգային մայր տաճարում մասնակցեցին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով կազմակերպված էկումենիկ արարողությանը:

Էկումենիկ աղոթքին մասնակցում էին նաեւ ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, Անտիոքի եւ Համայն Արեւելքի Պատրիարք Նորին Սրբություն Մոր Իգնատիուս Եփրեմ Բ-ը, ԱՄՆ եկեղեցիների հոգեւոր առաջնորդներ, Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի գլխավոր քարտուղար Օլավ Թվեյթը, դիվանագետներ, հասարակական եւ քաղաքական գործիչներ, ԱՄՆ հայ համայնքի անդամներ:

Էկումենիկ արարողությունն եզրափակվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամով, որը ներկայացնում ենք ստորեւ.

«Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն սրբոյ. Ամէն:

«Երանի որ քաղցեալ եւ ծարաւի իցեն արդարութեան,

զի նոքա յագեսցին» (Մատթ. Ե. 6):

Մեծարգո Նախագահ Հայաստանի Հանրապետության,

Մեծարգո Փոխնախագահ Ամերիկայի Միացյալ Նահանգների,

Ի Քրիստոս հոգեւոր եղբայրներ, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս,

Եվ Պատրիարք Ասորի Ուղղափառ Եկեղեցու,

Շնորհազարդ եղբայրներ,

Բարձրապատիվ այրեր,

Սիրելի բարեպաշտ զավակներ մեր Սուրբ Եկեղեցու:

Քրիստոսավանդ սիրով եւ «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» մշտանորոգ եւ կենարար ավետիսով, որ մեր շուրթերին է Հինանց այս օրերին, ողջունում ենք ձեզ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման էկումենիկ արարողությանը Վաշինգտոնի Ազգային նվիրական այս տաճարում:

Փրկչի հարության իսկության հանդեպ անսասան մեր հավատքը հաստատուն է պահում մեր հույսը, որ Տիրոջ խոսքի համաձայն հագենալու են բոլոր նրանք, ովքեր արդարության քաղցն ու ծարավն ունեն:

Քրիստոսի հարության եւ ավանդած այս խոսքերի հավատով մեր ժողովրդի զավակները նույն երկրում ապրող այլազգի իրենց եղբայրների ու քույրերի հետ այս օրերին աշխարհի բոլոր ծագերում ի մի եկան՝ մեկ անգամ եւս հիշելու Հայոց Ցեղասպանության մեկ ու կես միլիոն անմեղ նահատակներին, բայց նաեւ՝ քաջալերվելու եւ ցնծալու ազգն ու հավատքը չուրանալու, Քրիստոսի համար նահատակվելու նրանց հոգեւոր սխրանքով:

Հայոց ցեղասպանության ոճրի ահռելիության եւ ահավորության հանդիման նսեմացան պատմության ընթացքում մեր ժողովրդին բաժին ընկած տառապանքի ու կորուստների մյուս դրվագները: Եղեռնի տարողության եւ աշխարհի անտարբերության անհամատեղելի իրողության առջեւ մեր ժողովուրդն անցնող 100 տարիների ընթացքում ամենից առավել քաղցն ու ծարավն ունեցավ արդարության:

Ինչպես առաջին դարերում աշխարհի հզորները մերժեցին ընդունել Հիսուսի հարության ճշմարտությունը, այնպես էլ 100 տարիների ընթացքում եղան Հայոց Ցեղասպանության իսկության անժխտելիությունը ժխտողներ, անուրանալիությունը ուրացողներ: Պետությունների մասնավոր շահերի եւ քաղաքականության զոհասեղանին բազմիս ողջակիզվեց մեր ժողովրդի արդարության պահանջը, իսկ ժխտողականությունն ու անպատժելիությունը խրախույս եղան ցեղասպանության նոր ողբերգությունների: Մեր հոգեւոր եղբայր Հռոմի սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը՝ շեշտելով Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման կարեւորությունը, Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում մեր նահատակների համար մատուցված պատարագի ընթացքին ասաց. «Չարիքը թաքցնելը կամ մերժելը նույնն է, թե թույլ տալ, որ վերքն արյունահոսի առանց վիրակապելու»: Մեր ժողովուրդը, որ վեր է հառնել Ցեղասպանության գողգոթայից, անդուլ ջանքերով կերտել նոր կյանք, պետականություն՝ իր հայրենիքի փրկված հատվածում եւ այսօր դիմակայում է շրջափակման եւ անկայուն խաղաղության դժվարություններին, որ ականատես է նաեւ շատերի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչմանը, հավատում է, որ միջազգային հանրության կողմից Ցեղասպանության վերքը պիտի վիրակապվի արդարության վիրակապով: Այդ վերքը միայն հայ ժողովրդինը չէ, դա համայն մարդկության վերքն է: Այս առումով Հայոց Ցեղասպանության նկատմամբ արդարության իրագործումը հրամայական է եւ պարտավորություն սերունդների առջեւ, որպեսզի նրանց փոխանցենք առավել բարվոք աշխարհ, եւ նոր ցեղասպանություններ չմթագնեն մարդկության կյանքը:

Այսօր հիշելով Օսմանյան Թուրքիայում իրագործված Հայոց ցեղասպանության սուրբ նահատակներին, մենք հիշում ենք նաեւ նույն ոճրագործի կողմից մահվան ենթարկված հարյուր հազարավոր ասորի եւ հույն քրիստոնյաներին: Հիշում ենք 20-րդ դարում մարդկության դեմ իրագործված մյուս ոճրագործությունները՝ հրեական Հոլոքոստը, Կամբոջայի, Ռուանդայի եւ մյուս ցեղասպանությունները:

Աշխարհի տարբեր ծագերում շարունակում ենք ականատես լինել բռնության, մարդու իրավունքների ոտնահարման, զանգվածային սպանությունների ու էթնիկ զտումների: Մարդիկ շարունակում են տառապել քաղաքական, տնտեսական, ազգամիջյան եւ կրոնական հակամարտություններից: Մերձավոր Արեւելքում, մասնավորապես՝ Սիրիայում եւ Իրաքում տեղի են ունենում անասելի ողբերգություններ: Իրենց հավատքի համար նահատակվում են նաեւ քրիստոնյաներ, ավերվում են սրբություններ: Այդ ավերներին օրեր առաջ հավելվեց նաեւ դիտավորությամբ կործանված Հալեպի Սրբոց Քառասուն մանկանց 15-րդ դարի հայկական եկեղեցին:

Չդադարող եւ տագնապահարույց այս ցավալի իրավիճակները, Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների եւ մյուս ցեղասպանությունների ու ոճիրների զոհերի հիշատակը պարտավորեցնում է մեզ միջազգային իրավունքի ընձեռած բոլոր հնարավորություններով, այլեւ միջկրոնական ու միջեկեղեցական համագործակցությամբ քայլեր ձեռնարկել՝ կանխելու համար մարդկության եւ մարդկային կյանքի ու արժանապատվության դեմ գործվող չարիքներն ու եղեռնագործությունները: Ընդհանուր այս մտահոգության առջեւ ամենքս՝ պետություն, եկեղեցի, հասարակություն, պետք է հոգանք, որ 21-րդ դարի գիտատեխնիկական առաջընթացին ներդաշնակ՝ բարձրության վրա պահպանվի հոգեւոր-բարոյական արժեհամակարգը: Քանզի այս ընթացքները մեծ չափով հետեւանք են հասարակական ներկայիս կյանքում բարոյական արժեքների նահանջի:

Սիրելի եղբայրներ եւ քույրեր,

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման նշանակալի այս տարում Մենք գալիս ենք մեր ժողովրդի անունից երախտագետ սրտով մեր խոնարհումը բերելու բոլոր պետություններին, աշխարհիկ եւ կրոնական կազմակերպություններին ու կառույցներին, անհատներին՝ քրիստոնյա կամ այլակրոն, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ դատապարտելու, մեր ժողովրդի արդարության պահանջին աջակցելու համար: Մեր խոնարհումը բոլոր- բոլորին՝ Ցեղասպանության աղետալի օրերին մեր ժողովրդին օգնության ձեռք մեկնելու, ապաստան տալու եւ զորակից լինելու համար, որոնց մեջ առանձնակի է Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդի անմոռանալի երախտիքը՝ Նախագահ Վիլսոնից, մինչեւ դեսպան Մորգենթաու, նպաստամատույց կառույցներ եւ պարզ աշխատավոր:

Մենք մեծ գնահատանքով ենք անդրադառնում նաեւ Միացյալ Նահանգների Եկեղեցիների Ազգային Խորհրդի ու քույր Եկեղեցիների աջակցությանը, որոնք ոչ միայն մեր ժողովրդի կողքին էին ցեղասպանության տարիներին, այլեւ նպաստեցին ԱՄՆ-ում Հայկական հարցի բարձրաձայնմանը:

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման այս առիթով, մեր սուրբ նահատակների եւ զոհերի հիշատակի առջեւ Մեր հորդորն ու կոչն է, որ պետությունները եւ պետությանց ղեկավարները չհապաղեն իրերն անվանել իրենց անունով եւ ճանաչեն ու դատապարտեն Հայոց Ցեղասպանությունը:

Աղոթում ենք, որ աշխարհում վերջ գտնեն մարդկության դեմ իրագործվող հանցագործությունները, ցավն ու տառապանքը, ժողովուրդների ու պետությունների կյանքում հաստատվի ճշմարտապես եղբայրություն, եւ խաղաղության ու համերաշխության մեջ հագենան արդարության քաղցն ու ծարավն ունեցող բոլոր հոգիները:

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման այս արարողության առիթով Մեր գնահատանքն ու օրհնությունն ենք բերում բոլոր անհատներին, հաստատություններին ու կառույցներին, ովքեր կազմակերպել եւ հովանավորել են հոգեպարար այս միջոցառումը:

Թող երկնավոր մեր Տիրոջ շնորհը, սերը եւ խաղաղաղությունը լինի մեզ հետ եւ ամենքի այժմ եւ հավիտյանս. Ամեն: