Լոռու մարզում շրջված զինվորական բեռնատարով զինծառայողների մեծ մասը արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:
Նա նշեց, որ վիրավորված զինծառայողներից Մհերը դեռ գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում: Նրա վիճակը ծանր կայուն է, գիտակցությունը վերականգնվել է, հնարավոր է հետագայում անհրաժեշտություն լինի զինծառայողին նորից վիրահատելու, առայժմ նման անհրաժեշտություևն չկա: Մյուս վիրավոր զինծառայողի՝ Մարտիրոսի վիճակը բավարար է, նա գտնվում է բաժանմունքում, մեկ ամսից նրան նորից կվիրահատեն:
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին, ժամը 17.00-ի սահմաններում, ժամկետային զինծառայողներին տեղափոխող N զորամասին պատկանող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Երեւան ավտոճանապարհի 19-րդ կիլոմետրին դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ շրջվել հարակից ձորակը: Ավտոմեքենայի թափքում գտնվող զինծառայողները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակ քաղաքի հիվանդանոց:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե երեք վիրավոր զինծառայող Սպիտակի հիվանդանոցում ստանալով առաջին բուժօգնություն` տեղափոխվել են Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Դեպքի մանրամասները ճշտվում են, հարուցվել է քրեական գործ:
Վթարի հետեւանքով ստացած վնասվածքներից մահացել է ժամկետային զինծառայող Արտյոմ Գերասի Թորոսյանը (ծնված 1995թ., Սիսիանի զ/կ, 2013թ. 2-րդ զորակոչ): Վանաձորում ծառայող զինվորները գնացել էին Արմավիրի մարզի ուսումնական կենտրոն զորավարժությունների, զորամաս վերադառնալու ճանապարհին էլ եղավ դեպքը: Բեռնատարը շրջվել է Սպիտակի ոլորանների վրա եւ ընկել ձորը, մահացող զինծառայողը, ով պետք է զորացրվեր աշնանը, հենց վարորդն է: Վթարի հետեւանքով վիրավորվել էր 9 զինծառայող, նրանց բոլորին գիշերը Սպիտակի հիվանդանոցից տեղափոխել են Երեւան՝ Կենտրոնական կայազորային հոսպիտալ:





























