Շոկոլադի վրա սպիտակ փառ բոլորս ենք տեսել: Որպես կանոն՝ դա ձեւավորվում է երկար ժամանակ չվաճառված շոկոլադի վրա: Գիտնականները բազմիցս փորձել են պարզել դրա գոյանալու պատճառը: Հերթական բացահայտումն են արել ամերիկացի քիմիկոսները, որոնց զեկույցը հրապարակվել է Applied Materials & Interfaces պարբերականում: Քիմիկոսները պնդում են, որ սպիտակ փառն անվնաս է, փոխանցում է Informing-ը:

Գիտնականները տեսագրել են փառի գոյացության գործընթացը: Փորձարկումն անցկացվել է ռենտգենյան ճառագայթների միջոցով: Նախքան տեսագրելը շոկոլադի բաղադրիչները՝ կակաոյի հատիկը, շաքարը, կաթի փոշին եւ կակաո յուղը խառնել են իրար եւ փոշի ստացել: Այնուհետեւ ավելացրել են արեւածաղկի ձեթ եւ արդյունքում յուղը սկսել է հոսել շոկոլադի միկրոծակոտիների միջով: Դա հենց մազականության էֆեկտն է:

Այսպիսով՝ գիտնականները պնդում են, որ սպիտակ փառը կանխելու համար անհրաժեշտ է միայն նվազեցնել շոկոլադի ծակոտկենությունը: Եվ իհարկե շոկոլադը պետք է պահել որոշակի պայմաններում՝ զով տեղում, 18 աստիճան C-ից ոչ ավել ջերմաստիճանում: