NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է լրագրող Դորիան Ջոնսի հոդվածը, որը տպագրվել է «Ամերիկայի ձայնի» անգլալեզու ծառայության կայքում:

Երկու ամիս առաջ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները վերելքի վրա էին, ինչին նպաստել էր սերտ կապը երկու երկրների նախագահների միջեւ: Այժմ կա ենթադրություն, որ երկու երկրների միջեւ լուրջ ճեղք է առաջացել, թեեւ ամուր տնտեսական կապերը կապող օղակ են հանդիսանում: Այդ ենթադրությունները կապված են նրա հետ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն աջակցել էր Ցեղասպանության խնդրի շուրջ Թուրքիայի նկատմամբ Հայաստանի պահանջները, իսկ Անկարան հրաժարվել էր մասնակցել Մոսկվայում մայիսի 9-ի տոնական միջոցառումներին: Բացի այդ, երկու կողմերի հռետորաբանությունները կոշտացել է:

Թուրքական Taraf թերթի եւ «Al Monitor» կայքի դիվանագիտական մեկնաբան Սեմիհ Իդիզն ասել է, որ երկկողմ հարաբերություններում նկատելի շրջադարձ է տեղի ունեցել «Մինչեւ վերջերս ցուցադրում էին, որ դրանք օրինակելի հարաբերություններ են, սակայն այս պահին դրանք, կարծես, վատթարացել են: Դրա լավագույն ապացույցն այն էր, որ Էրդողանը հրաժարվել մայիսի 9-ին ներկա լինել Մոսկվայում կայանալիք միջոցառումներին: Տպավորությունը, թե Էրդողանն ու պոիւտինն ընկերներ են, կարծում եմ, փուլ եկավ»,-ասել է նա:

Դեկտեմբերին Անկարան Պուտինի համար ամբողջական պետական ընդունելություն էր կազմակերպել, որի ժամանակ ՌԴ նախագահը Թուրքիային բնորոշեց որպես ռազմավարական գործընկեր: Նույն այցի ժամանակ Պուտինը չեղյալ համարեց Բուլղարիայի տարածքով Եվրոպա գազատարի նախագիծը եւ հայտարարել է նոր գազատարի «Թուրքկան հոսքի» շինարարության մտադրության մասին:

Անկարայի էներգետիկ շուկաների ու քաղաքականության ինստիտուտի վերլուծաբան Վոլքան Օզդեմիրը կարծիք հայտնեց, որ նման նախագծերը պաշտպանված կլինեն երկկողմ աճող լարվածությունից: «Ես ոչ մի կապ չեմ տեսնում նման քաղաքական լարվածության եւ խողովակաշարային նախագծերի միջեւ: Ռուս-թուրքական երկկողմ հարաբերությունները հիմնված են փոխադարձ տնտեսական շահերի վրա, ոչ թե  ռազմավարական միության: Ռուսաստանը թուրքական արտահանման առաջին գործընկերն է, մյուս կողմից, Ռուսաստանը թուրքական ապրանքների համար հսկայական շուկա է»,-ասել է նա:

Ստամբուլի համալսարանի միջազգային հարաբերությունների փորձագետ Սոլի Օզելը նշել է, որ Անկարայի եւ Մոսկվայի վերջին շրջանի սառնությունը ի հայտ է բերել երկկողմ անհավասար, չբալանսավորված հարաբերությունները:

«Ռուսներին բացարձակ չեն հարգում Թուրքիայի շահերը: Այնպես որ, ես չեմ տեսնում, որ ռուսները հատուկ զգույշ կլինեն, որպեսզի չհիասթափեցնեն կամ չվիրավորեն թուրքերին, մինչդեռ թուրքերը, որպես կանոն, բավական զգույշ են: Սա, իմ կարծիքով, ոչ հավասար ուժերի հարաբերություններ են»: