Էստոնացի պատգամավոր Վլադիմիր Վելմանը, ով որպես դիտորդ հետեւել է մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցկացված խորհրդարանական ընտրություններին, ադրբեջանական Haqqin.az գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ ժողովրդավարական երկրում մարդն ազատ տեղաշարժի իրավունք ունի:

«Ազատ մարդը ժողովրդավարական հասարակության բարձր արժեք է, որն իրավունք ունի լինել ամենուր: Ես չեմ պատրաստվում քաղաքական գնահատական տալ Ղարաբաղի շուրջ ընթացող գործընթացներին: Բայց ես, որպես պատգամավոր, չպետք է ինչ-որ մեկից թույլտվություն հարցնեմ՝ որեւէ տեղ գնալու համար»,- նշել է նա:

Հարցին, ինչո՞ւ Վելմանն Էստոնիայում Ադրբեջանի դեսպանատանը չի տեղեկացրել Արցախ մեկնելու մասին, էստոնացի պատգամավորը պատասխանել է, որ ինքը հաշվետու է միայն իր ընտրողին: «Երբ ես որեւէ տեղ եմ մեկնում, ոչ ոքի չեմ տեղեկացնում այդ մասին: Ո՛չ Էստոնիայի ԱԳՆ-ին, ո՛չ խորհրդարանում մեր խմբակցության ղեկավարությանը: Ես միայն նշում եմ, որ որոշ ժամանակով բացակայելու եմ»,- պարզաբանել է պատգամավորը:

Վլադիմիր Վելմանին չի վախեցնում նաեւ Ադրբեջանի ԱԳՆ-ի սեւ ցուցակը: «Ներառե՞լ են դրանում, ինչ անենք: Ինձ նախկինում նույնպես, նույնիսկ հենց Էստոնիայում, ինչ-որ ցուցակներում ներառել են: Ինչ արած, եթե Ադրբեջանում նման պրակտիկա կա»,- հայտարարել է Վլադիմիր Վելմանը:

Հիշեցնենք, որ 2015 թվականի մայիսի 3-ին Արցախի Հանրապետությունում կայացան հերթական՝ 6-րդ խորհրդարանական ընտրությունները, որոնց մասնակցեց ընտրողների ավելի քան 70%-ը: Ընտրություններն անցան ազատ եւ մրցակցային պայմաններում, միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան, ինչի մասին են վկայում երեք տասնյակ երկրներից ժամանած շուրջ 100 միջազգային դիտորդների գնահատականները:

Ադրբեջանական ԱԳՆ-ն, մեկնաբանելով ԼՂՀ խորհրդարանական ընտրությունները, սպառնացել էր պատերազմ սկսել: